Zark Foundation

Նարինե Դելլալյան

Նարինե Դելլալյան

Ջութակահար

Ծնվել է 1966թ. փետրվարի 16-ին, Երևանում: Կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի դուստրն է, թավջութակահար Լևոն Մուրադյանի կինը: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Ա.Մատինյանի ջութակի դասարանում: Հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Հրաչյա Հարությունյանի դասարանում: Աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում: 1990թ. աշխատանքային հրավերով մեկնել է Լիսաբոն: 1993թ-ից Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի՝ նույն Սան Կառլոս օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: Այս բոլոր տարիների ընթացքում ելույթներ է ունեցել որպես մենակատար և կամերային փոքր խմբերի անդամ Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: 1998թ. մասնակցել է Լոս Անջելեսում կայացած Հարություն Դելլալյանի ծննդյան 60-ամյակի հիշատակին նվիրված երաժշտական և մշակութային միջոցառումներին: 2005թ. Երևանի պետական կամերային նվագախմբի հրավերով մասնակցել է «Ռետրոսպեկտիվ - Հետադարձ հայացք» փառատոնին` նվիրված Հարություն Դելլալյանի երաժշտությանը: Նույն տարի կազմել և հրատարակել է հայրիկի մասին «Նվիրումի հնչյուններ» գիրքը, ուր զետեղված են հոդվածներ, երաժշտագիտական քննադատական ուսումնսիրություններ, անձնական նամակագրություն, երաժիշտների կարծիքներ և հիշողություններ, լուսանկարներ և այլ փաստագրական նյութեր: 2000թ. հրատարակել է «Հայաստանի երաժշտական մասունքներ - Հայրիկ Մուրադյանի ձայնը» ձայնասկավառակը, որը 2001թ. Լոս Անջելեսում, ԱՄՖԱ-ի կողմից արժանացել է «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» մրցանակին: 2016թ. թողարկել է Հայրիկ Մուրադյանի մեկ այլ՝ «Մոկաց սարեր» ձայնասկավառակը: Հրատարակել է նաև «Հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի հուշեր» գիրքը: Հիմնադրել է «Ատլանտիկա» կամերատան և «Դելլալյան» դասական եռյակը, որի ջութակահարն է: Նրա ղեկավարությամբ ու մասնակցությամբ նկարահանվել են Ա.Բախտամյանի «Հարություն Դելլալյան» և Ա.Մանուկյանի «Հարություն» ֆիլմերը: Բացի մասնագիտական գործունեությունից, ակտիվ մասնակցել է հասարակական կյանքին, մշտապես ելույթներ է ունեցել Հայաստանի հեռուստատեսությամբ: «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահն է, որի գործունեության շրջանակներում կազմակերպել է բազմազան նախագծեր, հիմնական շեշտը դնելով հայկական ազգագրական, ֆոլկլորային երաժշտության ճանաչման ու տարածման գործի վրա: «Հայ-պորտուգալական ընկերություն» կազմակերպության փոխնախագահն է: 2016թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է «Կոմիտաս» շքանշանով: