Ծնվել է 1991թ. հունվարի 7-ին, ՀՀ Վայոց Ձոր մարզի Մալիշկա գյուղում: 9 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան: Դպրոցական տարիներից մասնակցել է տարատեսակ մրցույթների և համերգների: 2000թ. ընդունվել է Հայաստանի երգի պետական թատրոն: 2008-12թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2007թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» երաժշտական նախագծին: 2009թ-ից երգել է «Two 4 the road» փոփ, իսկ 2010թ-ից` «Upstairs» ջազ խմբում: 2010թ. երգել է «Beautiful Sunday» երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, որը նրան ճանաչում է բերել: Առաջին տեսահոլովակն էլ նկարահանել է հենց այդ երգի համար: Համերգներով հանդես է եկել Երևանի մի շարք երաժշտական ակումբներում` անհատ և տարբեր խմբերով: 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Նույն թվականին Կանադայում մեծ համերգով հանդես է եկել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Դանիել Լավուան, Դան Բիգրան, Իզաբել Բուլեն և այլք, իսկ Ստոկհոլմում կայացած «Ամբերստար» մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը: 2012թ. ամռանը ներկայացրել է «Opposite things» երգը, որը դարձել է ռուսական «Что творят мужчины» ֆիլմի սաունդթրեքը: Տարվա վերջում նկարահավել է «Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: 2013թ. և 2014թ. «Ռադիո Վան» ռադիոկայանի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն փոփ կատարող»: 2014թ. ներկայացրել է Սամ Սմիթի «Lalala» երգի «cover» տարբերակը: 2015թ. ներկայացրել է Կոմիտասի «Ալ այլուղս» երգը՝ նոր և ինքնատիպ գործիքավորմամբ: Նույն թվականին մասնակցել է Թբիլիսիում կայացած ջազ փառատոնին և ճանաչվել լավագույնը բոլոր երկրների մասնակիցների շարքում: 2016թ-ից նկարահանվել է «Աբելի քույրը» հեռուստասերիալում: