Zark Foundation

Նարինե Զաքարյան

Նարինե Զաքարյան

Քանոնահար

Ծնվել է 1970թ․ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 1978-85թթ հաճախել է երաժշտական դպրոցի քանոնի դասարան։ 1985-89թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանի քանոնի բաժնում։ 1989թ. գործուղվել է աշխատելու Բյուրեղավանի երաժշտական դպրոցում որպես քանոնի դասատու։ 1989-93թթ սովորել և հնգամյան կուրսը 4 տարում գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով քանոնահար, պրոֆեսոր Ալվարդ Միրզոյանի դասարանում։ Կոնսերվատորիայի ուսումնառության տարիներին մասնակցել է մի շարք համերգների և ֆոնդային ձայնագրությունների՝ հանդես գալով կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների նվագախմբում։ Որպես գերազանց առաջադիմությամբ և քանոնի բարձր կատարողականությամբ օժտված ուսանողուհի, կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի առաջարկով ընդգրկվել է նվագախմբի կազմում, որի կազմում 1992թ. համերգային շրջագայության է մեկնել Հոլանդիայի մի շարք քաղաքներ։ 1998-2005թթ աշխատել է «Կոտայք» մանկապատանեկան պարային համույթում որպես քանոնահար և գործիքային մասի ղեկավար։ Համույթը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Հունաստանում։ 1998թ. Իտալիայի Ֆիվիզանո քաղաքում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին ազգային նվագարանների անվանակարգում որպես մենակատար քանոնահարուհի, արժանացել է առաջին կարգի մրցանակի։ Երկար տարիների մանկավարժական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ աշակերտներ, որոնցից շնորհալիները հասել են տարբեր հաջողությունների, դարձել են մարզային, հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիրներ։ 2015թ. դպրոցում հիմնադրել է ժողովրդական նվագարանների նվագախումբ, որն այս տարիների ընթացքում մասնակցել է հեղինակավոր միջոցառումների, մրցույթ-փառատոների, այդ թվում Հյուսիսային Մակեդոնիայում կայացած փառատոնին։ 2007թ-ից համատեղության կարգով աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ղեկավարելով ազգային նվագարանների համույթը, որը բազմաթիվ համերգներով և ելույթներով հանդես է եկել Հայաստանում, հյուրախաղերով եղել ԱՄՆ-ում, մասնակցել մի շարք հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների՝ արժանանալով դափնեկրի կոչման։ 2010թ. ճանաչվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի լավագույն մանկավարժ։ 2005թ-ից աշխատում է Հայաստաննի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես մենակատար, քանոնահարների խմբի կոնցերտմայստեր և դիրիժոր։ Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։