Միքայել Հովհաննիսյան
Ծնվել է Թիֆլիսում: Սկզբնական կրթությունն ստացել է Սբ. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906թթ եղել է «Նոր դար» հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 1904թ. (ժամանակավորապես) որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-18թթ՝ «Սուրհանդակ» թերթում։ Հայաստանում և Վրաստանում սովետական կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ Գրողի ստեղծագործական կյանքն սկսվել է 19-րդ դարի 80-ական թվականներից: Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-88թթ լույս են տեսել «Արաքս» հանդեսում (Պետերբուրգ) և «Սոխակ Հայաստանի» ժողովածուում, ապա՝ պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում։ Գաբրիել Սունդուկյանիազդեցությամբ ստեղծել է «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886թ.), «Եղբայր» (1887թ.) պիեսները։ 1886թ-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են«Նունե» (1886թ.), «Բարերար և որդեգիր» (1888թ.) վիպակևերը, «Քնքուշ լարեր» (1887թ.), «Զազունյան» (1890թ.) վեպերը։ Սրանց մեջ գրողն առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Իբրև դեմոկրատ գրող համակրանքով է պատկերել կապիտալիստական քաղաքի խուլ անկյունների մարդկանց («Մեր թաղը» պատմվածաշարը)։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889թ., «Ինչպես բժշկեցին», 1889թ.), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», 1890թ., «Հոպոպ», 1890թ.), հարբեցողությունը («Հոգուն վրա հասավ», 1889թ.)։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին է ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Ցուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է«Աննա Սարոյան» (1888թ.) վիպակը։ Երկում պատկերված է քայքայվող բուրժուական ընտանիքը, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։ «Ես և նա» (1889թ.) պատմվածքում շեշտվում է մարդկայինի կորուստը սեփականատիրական հասարակարգում։ Այս երկում գերակշռում են ռոմանտիկական գույները։ 1891թ-ից սկսվել է գրողի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնին» (1898թ.) վիպակում պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան, սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։ Հեղինակը լավ գիտեր մտավորական աշխարհի մարդկանց՝ ուսուցիչներին, մամուլի աշխատողներին, գրողներին, և պատկերել է նրանց զրկանքներով ու դժվարություններով լի կյանքը։ Նրանք ձգտում են ծառայել ազգային մշակույթին ու գրականությանը, սակայն չեն դիմանում այդ մարտիրոսությանը («Նեղ օրերից մեկը», 1904թ., «Մի օր աշնանը», 1907թ., «Խմբագիրը», 1913թ.)։ Գրողի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911թ.) վեպը։ Այստեղ շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Վեպում հակադրվել է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրել միանգամայն տարբեր ու նոր սխեմաներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։ 1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում («Մեծ գործի սկզբում», 1894-95թթ, վերամշակումից հետո՝ «Մահը», 1912թ.)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ Ներկայացրել է Շոպենհաուերի և այլոց հոռետեսության փիլիսոփայությունը որդեգրած, «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները։ Սրան հակադրվում է թուրքական բռնակալության դեմ մղված պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլև հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։ Պատերազմի դեմ է ուղղված հումանիստ գրողի «Անհետ կորածը» (1920թ.) պատմվածքը, որտեղ ցույց է տրված առաջին համաշխարհային պատերազմում միլիոնավոր մարդկանց ապրած ողբերգությունը։ Կյանքի վերջին շրջանում գրել է «Վերջին մոհիկանները» (1930թ.) պատմվածքը և «Նոր մարդը» (1928թ.) վեպի առանձին հատվածներ, թարգմանել Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» դրաման և Մ.Դոստոևսկու«Խեղճ մարդիկ» վեպը։ Գրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Դրանով է նա կապվում հայ գրականության՝ 19-րդ դարի վերջին և մանավանդ 20-րդ դարի սկզբին բարձրացրած համամարդկային ընդգրկման հարցերի ու առաջադիմական ձգտումների հետ։ Գրողին բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նա Ալեքսանդր Շիրվանզադեի և Գրիգոր Զոհրապի հետ զարգացրել է հայ քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։ 1931թ. տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, որտեղ արժանացել է Վրասաանի ժողովրդական գրողի կոչման։ Հայկական հեռուստաթատրոնը բեմադրել է Նար-Դոսի «Մահը» (1988թ.) վեպը: 2009թ. էկրանավորվել է նրա «Սպանված աղավնի» վիպակը: Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում: Նար-Դոսի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի առջև տեղադրված է նրա կիսանդրին, փողոցներ ՀՀ և ԼՂՀ տարբեր քաղաքներում: