Ծնվել է 1966թ. մայիսի 10-ին, Երևանում: Դերասան Տիգրան Ներսիսյանի կինն է: Ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցը: 1983-87թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետում: 1986-87թթ աշխատել է Երևանի պետական Կամերային, 1992-93թթ` Համազգային, 1994-95թթ` Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: 1995թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օֆելիա), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Լիր արքա» (Ռեգան), «Ջոն արքա» (թագուհի Էլինոր), «Ռիչարդ Երրորդ» (Թագուհի Էլիզաբեթ), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Ջերալդինա), Հ.Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (Լուսինե), Թ.Ուլիամսի «Ապակե գազանանոց» (Լաուրա), «Ցանկություն տրամվայ» (Բլանշ Դյուբուա), Գ.Սունդուկյանի «Կտակ» (Նունե), Ֆ.Լենցի «Հաճույք որսացողները» (Մարի), Ա.Քամյուի «Կալիգուլա» (Կայեսոնիա), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Սեդա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Ռոզալիա, Մարգարիտ), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Ադելա), Շ.Պերրոյի «Կարմիր գլխարկ» (Կարմիր գլխարկ), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Դունիաշա), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Արուս), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Զարե), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Փառանձեմ), «Հարյուր տարի անց» (Մարիամ): Նկարահանվել է «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Վերջնագիծ» (1992թ.), «Սպանված աղավնի» (2008թ.) ֆիլմերում, «Հանուն սիրո» (2009թ.), «Քաղցր կյանք» (2011թ.), «Տիգրանի մոլորակը» (2012թ.) հեռուստասերիալներում: 2000թ. արժանացել է «Շերմուկշինս», «Արտիստ», 2005թ.` ՀԹԳՄ «Արտավազդ», 2006թ.` «Արտիստ» թատերական մրցանակների: 2002թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013թ.` ՀՀ ԱԺ պատվոգրի, 2006թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: