Zark Foundation

Նելլի Շահնազարյան

Նելլի Շահնազարյան

Արձակագիր

Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի տարբեր շրջանների դպրոցներում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1987թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահը, ՀԳՄ գրական ֆոնդի նախագահը: Նրա պատմվածքները, ակնարկները, հոդվածները տպագրվել են հանրապետական գրական մամուլում: Կազմել և խմբագրել է հայ նշանավոր դերասանների և գեղանկարիչների մասին գրքեր: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոններում, Բուդապեշտում և Թեհրանում բեմադրվել են նրա «Կախարդական դաշտ կամ կատվի տարի», «Իմ ծաղկած դեղձենի», «Թափորը», «Գնամ տեսնեմ ու ետ գամ», «Վարագույրը չփակեք» (նվիրված Վարդուհի Վարդերեսյանի հիշատակին) և այլ պիեսներ, իսկ հայկական հեռուստաթատրոնի համար նկարահանվել է գրողի «Ելիր, դուռդ բաց արա» դրաման: Հրատարակվել է նրա «Իմ ծաղկած դեղձենի» (1989թ.), «Իսկ ծափերը երկնքում» (2003թ.), «Պիեսների ժողովածու» (2003թ.), «Հրապարակախոսական հոդվածների ժողովածու» (2004թ.), «Ընտրանի» (2012թ.), «Տաք շնչառություն» (2013թ.) գրքերը: Նրա երկերը թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, պարսկերեն, արաբերեն, գերմաներեն, ուկրաիներեն, հունգարերեն լեզուներով: 2003թ. «Թափորը» մոնոդրաման Երևանի «Արմմոնո» միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, որից հետո մասնակցել է Իրանի «Իրանզամին» փառատոնին, իսկ Ռուսաստանում և Գերմանիայում արժանացել է համապատասխանաբար հատուկ դիպլոմի և 3-րդ մրցանակին: 1997թ-ից Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է: 2003թ. արժանացել է «Գրական թերթ»-ի մրցանակին և ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2012թ.` ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության, Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար», Պարսիկ դրամատուրգների միության ոսկե մեդալների, Լոռու մարզային թատերական փառատոնի մրցանակին: