Zark Foundation

Ներսես Աթաբեկյան

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1960թ. հունիսի 1-ին, Երևանում: 1984թ. ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1992թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Միջնադարյան հայ քնարգության ավանդույթները ժամանակակից պոեզիայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է հանրապետության տարբեր պարբերականներում, 1992-95թթ ղեկավարել է ՆԳՆ ՆԶ բարձրագույն սպայական դպրոցի լեզուների ամբիոնը, դասավանդել է «Գրիգոր Նարեկացի» և Երևանի պետական համալսարաններում: 1995թ. եղել է ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, 2001թ-ից ՀՀ ոստիկանության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է ԵՊՀ «Գրական համալսարան» թերթում: 1993թ. հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Կյանք մինչև առավոտ»: Հրատարակվել են նաև նրա «Երկվորյակ» (2004թ.), «Տարընթերցումներ» (2008թ.) գրքերը: Տպագրվել է տարբեր պարբերականներում ու անթոլոգիաներում: Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն լեզուներով: Հեղինակել է հարյուրից ավելի գրականագիտական և հրապարակախոսական հոդվածներ: 1999թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Ռուսերենից հայերեն է թարգմանել Իոսիֆ Բրոդսկու «Խոսքի մաս» (2000թ.), Մարկ Շագալի «Հրեշտակը տանիքների վրա» (2004թ.), Միխայիլ Բուլգակովի «Երեք վիպակ» (2006թ.), Սերգեյ Դովլաթովի «Զոնա» (2008թ.), Վենեդիկտ Երո‎‎ֆեևի «Մոսկվա-Պետուշկի» (2013թ.) գրքերը: Թարգմանչական աշխատանքի համար 2008թ.արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Կանթեղ» գրական մրցանակի: 2010թ. արժանացել է ՀԳՄ Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի, 2012թ.՝ «Նարցիս» ամենամյա մրցանակի, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։