Zark Foundation

Ներսես Ակինյան

Ներսես Ակինյան

Բանասեր, պատմաբան, ձեռագրագետ

10 սեպտեմբեր, 1883 - 28 հոկտեմբեր, 1963

Գաբրիել Ակինյան
Ծնվել է Արևմտյան Հաայստանի Արդվին քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Արդվինում։ 1895թ-ից սովորել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում: Առաջին ուսուցիչը եղել է Հակովբոս Տաշյանը։ Հետևել է Վիեննայի համալսարանի հունահռոմեական ու բյուզանդական մշակույթի պատմության և հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին, հմտացել աստվածաբանության, փիլիսոփայության մեջ, աշակերտել ավստրիացի արվեստաբան, հայ ճարտարապետության և արվեստի նշանավոր հետազոտող Յ.Ստրժիգովսկուն, հետագայում դարձել նրա խորհրդատուն, ապա և աշխատակիցը։ Համալսարանի դասընթացներն ավարտելուց հետո 1907թ. ձեռնադրվել է քահանա և պաշտոնավարել Վիեննայի Մխիթարյանների Մայրավանքում: 1907թ. եղել է ուսուցիչ դպրեվանքում, 1908-11թթ՝ փոխտնօրենը, 1916-20թթ՝ տնօրենը։ 1901թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, 1954թ-ից՝ Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր, 1909-63թթ՝ Մխիթարյան միաբանության մատենադարանապետը։ 1903թ-ից աշխատակցել է «Հանդես ամսօրյա»-ին, իսկ 1909-63թթ եղել նրա խմբագիրը։ Հանդեսի շուրջն է համախմբել նշանավոր գիտնականների և մեծապես նպաստել հայագիտության զարգացմանը Եվրոպայում։ Աշխատակցել է նաև գերմաներեն, անգլերեն գիտական հանդեսների և հայկական բազմաթիվ պարբերականների։ Հեղինակել է մոտ 500 մենագրություն, հոդված, գրախոսական, որոնք ընդգրկում են հայագիտության գրեթե բոլոր բնագավառները։ Կազմել և հրատարակել է հայկական ձեռագրերի հավաքածուներից մի քանիսի ցուցակները։ 1912թ. Սբ. Էջմիածնում մասնակցել է Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսական օծմանը, այցելել Գառնի, Այրիվանք, Անի, ապա և ուրիշ հնավայրեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրամ է հանգանակել, օգնել հայ տարագիրներին ու գերիներին։ 1923-28թթ աշխատել է Սբ. Էջմիածնի ձեռագրատանը։ 1928թ. կալանավորվել է, 40 օր անց ազատվելով՝ ստիպված հեռացել է Հայաստանից։ Այնուհետև շարունակել է իր ուսումնասիրությունները Բեռլինում, Մյունխենում, Տյուբինգենում, Փարիզում, Լեհաստանում, Հռոմում, Լիվոռնոյում, Երուսաղեմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով յոթ տարի մնացել է Բեյրութում, 1946թ. աշնանը վերադարձել Վիեննա։ 1924-28թթ ուսումնասիրել է Էջմիածնի մատենադարանի (այժմ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) ձեռագրերի մի մասը։ Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում դասախոսություններ է կարդացել հայ գրավոր մշակույթի մասին։ Մեծ է նրա երախտիքը հայկական սկզբնաղբյուրների հետազոտության և հրապարակման գործում։ Պատմագիտական կարևոր աշխատություններ է գրել հայ-վրացական հարաբերությունների մասին. «Հայ-վրացական հարաբերությունք Դ-Է դարուց մեջ» (1907թ.), «Կյուրիոն կաթողիկոս վրաց» (1910թ.)։ Արժեքավոր են «Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա» (1920թ.), «Հայ Բագրատունիներու տոհմածառը» (1930թ.), «Մովսես Գ Տաթևացի հայոց կաթողիկոսն և իր ժամանակը» (1936թ.), «Քրիստոնեության մուտքը Հայաստան և Վրաստան» (1949թ.), «Բաղեշի դպրոցը» (1951թ.) գործերը։ Հետազոտել է միջնադարյան բանաստեղծների (Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի, Գրիգորիս Աղթամարցի, Սիմեոն Ապարանցի, Նաղաշ Հովնաթան, Հակոբ Կեսարացի, Մինաս Ստեփանոս, Հակոբ, Ղազար, Թաթոս Թոխաթեցիներ, Թորոս Մշեցի) կյանքն ու ստեղծագործությունը, հրատարակել նրանց երկերը։ Նրա շատ անտիպ գործեր պահվում են Վիեննայի Մխիթարյան մատենադարանում, իսկ ուսումնասիրությունները լույս են տեսել մեծ մասամբ «Հանդես ամսօրյա»-ում, ապա արտատպվել «Ազգային մատենադարան» մատենաշարի հատորներում։ Նրա աշխատություններին պետք է վերաբերվել լուրջ վերապահությամբ, քանի որ դրանցում տեղ են գտել պատմագիտական սխալներ, հակասական ենթադրություններ։ Այսպես, նա գտնում է, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը գրվել է 8-րդ դարի պատմագիր Ղևոնդի կողմից («Մատենագրական հետազոտություններ», հ.Գ, 1930թ.), իսկ Եղիշեի պատմությունը որպես 5-րդ դարի կեսերի ազատագրական շարժումը պատկերող աղբյուր, համարում է կեղծիք, որն իբր վեր է հանել միայն 572-590թթ Կարմիր Վարդանի գլխավորությամբ հայերի մղած պատերազմները («Եղիշե վարդապետ և յուր պատմություն հայոց պատերազմին», հ.Ա, 1932թ., հ.Բ, 1936թ.)։ Մահացել է Վիեննայում։