Ծնվել է 1983թ. հուլիսի 17-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Մ.Սեբաստացու անվան թիվ 183 միջնակարգ դպրոցը: 1996-2006թթ պարել է Գևորգ Գևորգյանի «Կրակներ» ժամանակակից պարային համույթում` որպես առաջատար պարող, եղել է Հայաստանում «բրեյք-դանս» պարային ոճի զարգացման և տարածման առաջին մասնակիցներից: 2001-06թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասան բաժնում: 2003թ-ից աշխատում է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է տարբեր մյուզիքլներում, դրամատիկական, մանկական երաժշտական ներկայացումներում: Խաղացած մյուզիքլներից են` «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Կապիտան Ֆեբյուս), «Կատուներ» (Վագր), «Կարինե» օպերետա (Մարգար), «Բրոդվեյ-Բրոդվեյ», ներկայացումներից են` «Անուշ» (Տեր հայր), «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» (խուզարկու Ջեք Բեյքեր), «Սասունցի Դավիթ» (Նախարար), «Գեղեցկուհին և Հրեշը» (Լյումիեռ), «Մոխրոտը» (Արքայազն, Ծաղրածու, Զինվոր), «Թոմը և Ջերրին» (Թոմ): 2006թ. Երևանի Համազգային թատրոնի բեմում հանդես է եկել մենահամերգով` «Մյուզիքլի շունչը» խորագրով: 2009թ. Շառլ Ազնավուրի 85-ամյակին նվիրված «Գլխարկները վեր Ազնավուրն է կանչում» խորագրով երաժշտական ներկայացման մեջ խաղացել է Ազնավուրի կերպարը: 2013թ-ից աշխատում է նաև Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` «Կառավարական համերգ», «Անտեր Graund», «Կախարդական պարահանդես»: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծին: 2014թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի: