Zark Foundation

Ներսես Մկրտչյան

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

22 սեպտեմբեր, 1928 - 30 դեկտեմբեր, 2016

Ծնվել է Երևանում: Եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում դասավանդել է հայ բարբառագիտություն, լեզվաբանության ներածություն, ընդհանուր լեզվաբանություն, համեմատական քերականություն, արևմտահայերեն, գրաբար և այլն։ Ուսումնասիրել է բարբառագիտություն, ազգագրություն, հայոց լեզվի պատմություն, միջլեզվային փոխառություններ, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվական առնչություններ, սեպագիր, սեմական լեզուներ և այլն։ 1995թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (պրոֆեսոր)։ Նրա գրչին են պատկանում «Բուրդուրի բարբառը» (1971թ.), «Գամիրքի բարբառը, ազգագրությունը և բանահյուսությունը» (1988թ.), «Երաժշտական բառարան» (2000թ.), «Բառերի կենսագրությունից» (1986թ.), «Սեմական լեզուները և հայերենը» (2005թ.), «Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում» (2008թ.) և այլ աշխատություններ։ Հետազոտել է արևմտահայ մի քանի (Անատոլիայում գտնվող) բարբառներ. Բուրդուրի, Սիվրի-Հիսարի, Բողազլյանի (Գամիրքի), Մուրադչա-Յայլայի, Սթանոզի՝ իրենց ժողովրդական բանահյուսությամբ և ազգագրությամբ հանդերձ։ Զբաղվել է նաև բանահավաքությամբ։ «Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում» գիրքը նվիրված է թուրքերենի բարբառներին անցած հայերեն բառերին։ Թուրքերենի բառարաններում նշվում է ամենաշատը հայերենից թուրքերենին անցած 50-60 բառ, մինչդեռ բարբառներում դրանք շատ-շատ են՝ 1500-ից ավելի։ Հրատարակել է նաև հայերենից թուրքերենին անցած փոխառությունների բառարան, որտեղ ներկայացրել է բոլոր այն բառերը, որոնք տարբեր ժամանակներում անցել են թուրքերենին և գործածական են նրա թե՛ գրական լեզվում, թե՛ բարբառներում։ Նրա «Երաժշտական բառարանը» ունի ոչ միայն բացատրական, այլև՝ ստուգաբանական ուղղվածություն։ Այնտեղ կարևոր տեղեկություններ կան հայ ժողովրդական երաժշտական գործիքների, պարարվեստի և հին հայկական խազերի վերաբերյալ։ Հոդվածներ է գրել Հայոց ցեղասպանության (1915թ.) վերաբերյալ։ Նրա «Սպանդանոցից մազապուրծների հուշերը» գիրքը տպագրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից։ Մահացել է Երևանում: