Ներսես Դ Կլայեցի, Երգեցող
Ամենայն Հայոց 68-րդ կաթողիկոս
Ծնվել է Կիլիկիան Հայաստանի Ծովք դղյակում, հոր` իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Եղել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: 1166թ-ից եղել է Ամենայն Հայոց 68-րդ կաթողիկոսը: Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է «Շնորհալի»: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն 1116թ-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150թ-ից՝ Հռոմկլայում: Նրա համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատեումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզանդական ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզանդական եկեղեցու հովանու տակ, գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որեէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով: Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ ուներ կրոնական աշխարհայացք: Գտնում էր, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում էր այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, հատուկ նշանակություն է տվել մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Դեմ է եղել տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում էր կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները: Մեծ մտավորականը թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ,, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ և այլն): Արձակից մասնավորապես հայտնի է «Թուղթ ընղհանրականը» (1166թ., հրատարակված՝ 1788թ.): Բազմաբովանդակ ու հարուստ է նրա չափածոն: Գրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թե բո վանդակության, թե ձևի առումով: Նա շարականին հաղորդեց քաղաքացիական բովանդակություն՝ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար թագավորին, Տրդատ Մեծին և Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոևդյանց նահատակներին նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված վարդանանց հերոսներին նվիրված «Նորահրաշ պսակաւորը»: Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը: Պահպանվել են նրա մանկավարժական-ուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության մեջ: Սրանք գրվել են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝ բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Բանաստեղծն այս ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ և նյութը մտապահել, և յուրացնել հայոց գրերի կարգը: Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ են պարունակում «Առ եղբորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի և զարդուց նորա» (1162թ.) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով: Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը նույնպես կապվում է նրա անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ գրողի հանելուկները հայ գրականության աշխարհականացման առաջին դրսևորումներից են: Մեծ է նրա «Վիպասանութիւն․․․» (1121թ., հրատարակված՝ 1643թ.), «Ողբ Եդեսիոյ» (1145թ., հրատարակված՝ 1810թ.), «Բան հաւատոյ» (1151թ.) և «Յիսուս որդի» (1152թ., հրատարակված՝ 1643թ.) մեծածավալ ստեղծագործությունների գրապատմական նշանակությունը: Սրանք գեղարվեստական չափածո խոսքի նոր տեսակներ են, որ դարձան հայ վիպերգական և վիպաքնարական պոեմների նախօրինակները: Վերջին երկու գործերը գրվել են Աստվածաշնչի թեմաների հիման վրա և հղացման ու արվեստի տեսակետից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում: Առանձին հարցերում հետևելով Գրիգոր Նարեկացու և Գրիգոր Մագիստրոսի ավանդներին, ի դեմս «Յիսուս որդի» վիպական ողբերգության, հորինել է բոլորովին ինքնատիպ մի երկ, որն առանձնանում է թե բանաստեղծական մտքի թռիչքներով, թե ժամանակի մարդու հոգեբանության լայնակի ու խոր պատկերումով: «Վիպասանութիւն․․․»-ը, որի նյութը հայ ժողովրդի պատմության դրվագներն են, գրված է հոմերոսյան դյուցազնավեպերի նմանողությամբ, ունի շեշտված աշխարհիկ բովանդակություն: Պատկերելով ազատագրական պայքարի փառավոր դրվագները, նախնիների հերոսական քաջագործությունները՝ բանաստեղծի նպատակն էր հայրենասիրության ոգով դաստիարակել ընթերցողին: Նրա հայրենասիրական գաղափարներն առավել հստակ են դրսևորվել «Ողբ Եդեսիոյ» պոեմում, որը նրա գլուխգործոցն է և միաժամանակ հայ քաղաքային պոեզիայի անդրանիկ երկը: Այն քնարավիպերգական ստեղծագործություն է՝ օժտված ծավալուն սյուժեով (Եդեսիա քաղաքի պաշարումը, պաշտպանությունը, գրավումը, կոտորածն ու կողոպուտը, որոնք 1144թ. վերջերին տեղի ունեցած իրական դեպքեր են): Երկի մեջ հանդես է գալիս նաև քնարական հերոսը՝ որոշակի ապրումներով ու զգացմունքներով, ապագայի նկատմամբ ունեցած հավատով ու լավատեսությամբ: Պոեմը գրված է դիմառնության ձևով. Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս, որբևայրի մի կին, ով սգում է իր դժբախտությունը: Այս միջոցով հեղինակն ստեղծել է կնոջ կենդանի ու ամբողջական բնավորություն, հորինվածքը դարձրել տպավորիչ ու հուզական: Հասուն արվեստագետի վարպետությամբ են նկարագրված ռազմական գործողությունները: Դիմելով հակադրությունների, բանաստեղծն առավելապես պատկերում է թշնամու բարբարոսական արարքներն ու բնակչության անձնուրաց սխրանքները: Եդեսիայի կործանման նկարագրությամբ բանաստեղծն անդրադարձել է նաև հայ ժողովրդի ճակատագրի հարցերին: Պոեմի սկզբում Եդեսիա-մայրը իրեն ողբակից է հրավիրում Վաղարշապատ և Անի մայրաքաղաքներին՝ հիշեցնելով, որ նրանք նույնպես զրկվել են փառքից ու հզորությունից: Իդեալականացնելով անցյալը, ձգտել է կենդանի պահել քաղաքի ազատության հասնելու գաղափարը, տեսնել հայրենի երկրի պետական վերածնունդը: Պոեմն ավարտվում է լավատեսությամբ, որբևայրի մայրը վերջնականապես դժբախտացած չի համարում իրեն՝ երբ լուծվի վրեժը, ինքը նորից կերջանկանա, օտարությունից տուն կդառնան տարագիրները: Գրողը չի ղեկավարվել իրականությանը համակերպվելու քրիստոնեական գաղափարով, այլ գտել է, որ միայն պայքարով ու հաղթանակով է հնարավոր նվաճել ազատությունը: Շատ է օգտվել ժողովրդական բանահյուսությունից: Մեծ է նրա դերը բանաստեղծական տեխնիկայի և տաղաչափության զարգացման գործում: Ստեղծագործել է հայկական չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել է հայերենի տաղաչափությունը՝ բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկ-երաժշտական կողմը: Հետևելով Գրիգոր Մագիստրոսին, նա իր մեծ ու փոքր ծավալի գործերը գրել է հանգերով: Այդպիսիք են նաև նրա շարականներն ու հոգևոր տաղերը, որպիսիք մինչ այդ հորինվում էին ազատ չափերով և անհանգ: Բայց գրողի մեզ հասած չափածո ժառանգության մեծ մասը միահանգ է: Այն կարծիքին է եղել, թե միահանգությունը արվեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր ստեղծել է փոփոխական հանգերով: Սա արդեն նոր երևույթ էր հայ բանաստեղծության մեջ, որը չէին կարող չնկատել հաջորդ դարերի տաղասացները: Շարունակելով Դավթակ Քերթողի և Գրիգոր Նարեկացու ավանդույթները, բազմազան ձևերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի և առձայնույթի հնարանքները: Եղել է հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչը, և առհասարակ ֆեոդալական Հայաստանի մասնագետ բանաստեղծ-երաժիշտներից մեծագույնը, որն իր արվեստի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս է գալիս հայ իրականության սահմաններից ու դառնում համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր երևույթներից մեկը: Պահպանված գրական ու երաժշտական շատ նյութեր, ձեռագրական փաստեր ցույց են տալիս, որ նա եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև ժամանակի լավագույն երգիչ-կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ, բարենորոգիչ, իսկ որպես ստեղծագործող հորինել է հոգևոր (եկեղեցական), արտապաշտամունքային ու, ամենայն հավանականությամբ, նաև աշխարհիկ երգեր: Նրա «Յիսուս որդի» ծավալուն պոեմն անցյալում եղանակավոր (ասերգի ձևով) պատմվել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը: Ըստ եղած տվյալների, նրա աշխարհիկ երգերը պետք է որոնել գլխավորապես նրա հանելուկներում: Հոգևոր երաժշտության բնագավառում հանդես է եկել որպես մեծ բարենորոգիչ: Կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը և բարեձևություն ու միակերպություն հաղորդել դրան: Շատ ավելի կարևոր է, որ նա բազմաթիվ ու բազմապիսի ստեղծագործություններով ըստ ամենայնի ճոխացրել ու, միաժամանակ, 12-րդ դարի համար արդեն ապաժամ մասերից ու ձևերից մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սեփական հեղինակությունները զետեղելով մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների փոխարեն: Չկա հայկական միջնադարյան ծիսական-երաժշտական մի գիրք, որը վերանայած չլինի, իսկ դրանցից մի քանիսը նա լրացրել է հիմնովին: Միջնադարյան ձեռագրերում ցրված նրա երգերը քննության են ենթարկվում նրանց գրական խոսքի կառուցվածքի (տաղաչափության), ձայնեղանակների նշման ու գործնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի) տեսակետներով: Բացի այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ անցած հարյուրամյակում հայկական ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում: Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր համապատասխան մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված մտավորականի ավելի քան 200 ստեղծագործությունների (շարականների և պատարագի ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գաղափար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի գլխավոր առանձնահատկությունների մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրային-ոճական հիմնական ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլիսոփայության մի քանի էական կողմերի մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղարվեստական կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արևելյան ու արևմտյան մասնագիտացված արվեստների, այլև սեփական ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով, վերջապես մեղեդիական ազատ ոճի զարգացումը, որը բարդ համաձայնույթների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: Շնորհալին հայկական միջնադարի այն մեծերից է եղել, ով Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում: Մահացել է Կիլիկիան Հայաստանի Հռոմկլա բերդաքաղաքում: