Պալիենց, Պալենց, Պալոն, Պաղոն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սիս քաղաքում: 1330-ական թվականներին եղել է Ուրմիայի եպիսկոպոս։ Հարելով հայ ունիթոռներին, հրաժարվել է հայ եկեղեցուց ստացած եպիսկոպոսական կոչումից։ 1336թ. մեկնել է Կիլիկիա, Կաբինի Սիմեոն Բեկ եպիսկոպոսի և այլ համախոհների հետ քարոզել կաթոլիկություն, լատինական եկեղեցու ծեսերով մկրտել հայերին։ Դրա հետևանքով առաջացել են հուզումներ, և իշխանությունը բանտարկել ու աքսորել է նրանց համախոհներին։ Հաջողություն չգտնելով Կիլիկյան Հայաստանում՝ 1338թ. Բենեդիկտոս 12-րդ պապից ստացել է Մանազկերտի արքեպիսկոպոսի պաշտոնը։ 1341թ. Ավինյոնում պապին է ներկայացրել հայ եկեղեցու «մոլորությունների» վերաբերյալ 117 մեղադրանք։ 1348-51թթ Ավինյոնում ավարտել է Մարտինոս Օպավիացու «Ժամանակագրություն» երկի թարգմանությունը։ Հայոց պատմությունը դիտելով իբրև ընդհանուր պատմության մաս՝ թարգմանության մեջ որոշ տեղերում ներմուծել է հայոց պատմությանն առնչվող ժամանակագրական տեղեկություններ, վերջում կցելով հայ թագավորների, իշխանների և կաթողիկոսների անվանացանկերը։ Արժեքավոր են Եգիպտոսի սուլթանության կողմից Հռոմկլայի գրավման (1292թ.), Կիլիկյան Հայաստանում ներքին գահակալական պայքարի, եգիպտական սուլթանության դեմ հայ-մոնղոլական կռիվների և այլ փաստերի վերաբերյալ տվյալները (թեև դրանցում կան առանձին անճշտություններ)։ Հայ հին թագավորների և իշխանների անվանացանկերը կազմելիս օգտվել է հիմնականում Մովսես Խորենացու և Եվսեբիոս Կեսարացու աշխատություններից։ Թարգմանել է նաև լատիներեն Մաշտոցը (ծիսարան)՝ ավելացնելով պատմական հիշատակագրություններ։ Թարգմանությունների բնագրերը պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան և Վենետիկի Մխիթարյան մատենադարաններում։ Մահացել է Արևմտյան Հայաստանի Մանազկերտ քաղաքում: