Արտաշես-Ստեփան Տեր-Ներսիսյան
Ծնվել է Բեռլինում։ Սովորել է Բուխարեստի և Սոֆիայի հայկական դպրոցներում, 1933-39թթ՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1940թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1960թ-ից՝ ծայրագույն վարդապետ և գավազանակիր: 1947թ. ավարտել է Հռոմի Գրիգորյան համալսարանը: 1948-52թթ եղել է «Մխիթարյան ընտանիք» ամսագրի խմբագիրը, 1957-79թթ (ընդհատումներով)՝ «Բազմավեպ»-ի խմբագրապետը, 1964-76թթ և 1982թ-ից՝ միաբանության ընդհանուր քարտուղարը, 1976-82թթ՝ ձեռագրատան տնօրենը։ Երկար տարիներ դասավանդել է Սբ. Ղազարի Ժառանգավորաց դպրեվանքում և Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Հրատարակել է Առաքել Սյունեցու «Դրախտագիրք»-ը (1956թ., իր առաջաբանով, ուսումնասիրությունով և բառարանով), Մխիթար Սեբաստացու«Մտածությունք ի վերա բանից փրկչին» (1969թ., իր առաջաբանով) ժողովածուն, «Աստվածաշունչը և հայ մշակույթը» (2001թ.) և այլն։ Առանձին հոդվածաշարերով անդրադարձել է Դանթեի «Աստվածային կատակերգության» հայերեն թարգմանությանը, Ոսկան Երևանցու քերականական ըմբռնումներին, Մխիթարյան միաբանության պատմությանը, հայոց լեզվի ուղղագրության հարցերին և այլն։ 1991-2005թթ եղել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդը և այդ ժամանակ Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցի կառուցելու գաղափարը և առաջին քայլերն է իրականացրել: Մահացել է Գյումրիում: