Zark Foundation

Նիկոլայ Ծատուրյան

Նիկոլայ Ծատուրյան

Բեմադրիչ

Ծնվել է 1945թ. հունվարի 8-ին, Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: 1962-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1966թ. աշխատանքի է ընդունվել «Արշալույս» թատրոն, որտեղ էլ բեմադրել է դիպլոմային ներկայացումը: 1966-68թթ աշխատել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ եղել է «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ», «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը, աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ: Իսկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որպես ստաժոր, աշխատել է Յ.Ռայզմանի ֆիլմում: 1969-71թթ սովորել է Մոսկվայի սցենարիստների և կինոռեժիսորների բարձրագույն կուրսերում` Ա.Տարկովսկու, Ս.Թումանովի, Գ.Դանելիայի արվեստանոցներում: 1973-92թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր, որտեղ իրականացրել է շուրջ 25 բեմադրություն` Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը», Ա.Օստրովսկու «Կատաղի փողերը», Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ.Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա» և այլն: 1990թ. Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» պիեսի բեմադրության համար արժանացել է «Տարվա լավագույն բեմադրիչ» մրցանակին, իսկ ներկայացումը` «Տարվա լավագույն ներկայացում»: Դասավանդել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում: 1973թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (1998թ-ից` պրոֆեսոր): 4 տարի եղել է դերասանական վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչը: 1992-2004թթ ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը, որտեղ բեմադրել է բազում ներկայացումներ` Ա.Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժ.Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ» և այլն: 1991թ. «Եվ երկինքեն 3 աթոռ ինկավ» ներկայացումը մասնակցել է երևանյան սփյուրքահայ թատրոնների առաջին փառատոնին և արժանացել հատուկ մրցանակի: Ներկայացումներ է բեմադրել Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Արցախում, Բայրութում, ՅՈւՆԵՍԿՕ-յի պատվերով` Նյու-Յորքում, և 20 տարի աշխատել է Հալեպում, «Ադամյան» թատերախմբի հետ, որտեղ բեմադրել է շուրջ 22 ներկայացում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պատահար» կարճամետրաժ և Ա.Մանարյանի «Ընկեր Փանջունի» ֆիլմերում: 2004-14թթ եղել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար: