Zark Foundation

Նիկոլայ Հովհաննիսյան

Նիկոլայ Հովհաննիսյան

Պատմաբան, արևելագետ

10 հունիս, 1930 - 24 ապրիլ, 2024

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1956թ.՝ ասպիրանտուրան: Եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և արդի հայ արևելագիտության հիմնադիրներից, 1995-2006թթ՝ ինստիտուտի տնօրենը, Հայկական արաբագիտական դպրոցի հիմնադիրը, 1962-2003թթ գլխավորել է իր իսկ հիմնած Արաբական երկրների բաժինը: 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1971թ-ից՝ պրոֆեսոր): 2003թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի տեղակալը, 2006թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Հրատարակել է շուրջ 550 աշխատություն, այդ թվում՝ ավելի քան 80 մենագրական ուսումնասիրություն: Նրա գիտական ուսումնասիրությունների կենտրոնում են եղել արաբական երկրների պատմության, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների, իսլամի, պատմական տարբեր դարաշրջաններում հայ-արաբական, այդ թվում և միջպետական հարաբերությունների արդիական հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Հեղինակել է «Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում» (1963թ., հայերեն, 1974թ., արաբերեն), «Սիրիական անկախ Հանրապետության ստեղծումը» (1968թ., ռուսերեն), «Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում» (1976թ., ռուսերեն), «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիքորոշումը (1975-82թթ)», «Իմպերիալիստական տերությունների քաղաքականությունը Արաբական Արևելքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին» (1980թ., ռուսերեն), «Իրաքի Հանրապետության հարաբերությունները Արաբական Արևելքի երկրների հետ» (1985թ., ռուսերեն), «Ղարաբաղյան հիմնախնդիրը. Անկախության և ազատության փշե ճանապարհը» (անգլերեն, իտալերեն), «Էթնոքաղաքական առճակատումներն Անդրկովկասում: Նրանց արմատները և լուծումները» և այլ աշխատություններ: Հեղինակել է նաև «Արաբական երկրների պատմությունը (7-րդ դար-2005թ.)» քառահատոր աշխատությունը, որի համար 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2011թ. ուսումնասիրությունը թարգմանվել է արաբերեն և հրատարակվել Հալեպում: Հայոց ցեղասպանության (1915թ.) հիմնախնդիրների ուսումնասիրությանն է նվիրված նրա «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը որպես ամենագենոցիդային գենոցիդ. Աշխարհի տասը լեզուներով` անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, հունգարերեն, ճապոներեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն» աշխատությունը: Անդրադարձել է Աբդուլ Համիդ 2-րդի հակահայկական քաղաքականության լուսաբանությանը, 1915թ. հայկական Մեծ Եղեռնի պատճառներին, արաբ ժողովրդի, նրա հոգևոր և քաղաքական առաջնորդների հայանպաստ դիրքորոշմանը, տարագիր հայերին ցուցաբերած արաբների մարդասիրական վերաբերմունքին և օգնությանը: Հեղինակել է նաև «Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է» (2010թ.) աշխատությունը: Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, այդ թվում՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, Մոսկվայի Ազգային անվտանգության հիմնախնդիրների գիտությունների միջազգային ակադեմիայի, Գերմանիայի Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (Մոսկվա), Սիրիայի արաբական գիտության պատմության ընկերության, ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական ընկերության, Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի և այլն: Բրիտանական ակադեմիայի հրավերով 1989թ. գիտական ուսումնասիրություններ է իրականացրել Լոնդոնի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարաններում, շահելով Ֆուլբրայթի մրցանակ, 1993-94թթ գիտահետազոտական աաշխատանքներ է տարել ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, իսկ 1995թ.՝ Մերիլենդի համալսարանում, հետագայում նաև Լիբանանի, Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի գիտական կենտրոններում: Նրա գիտական ղեկավարությամբ մոտ 50 պատմաբաններ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, այդ թվում՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և արտասահմանյան այլ երկրներից: ՀՀ կառավարական պաշտոնական պատվիրակությունների կազմում այցելել է Սիրիա, Լիբանան, Իրաք, Հորդանան, Լիբիա, Հնդկաստան, Չինաստան և այլ երկրներ, մասնակցել Իրաքի նախագահ Ահմադ Հասան ալ-Բաքրի, Սիրիայի նախագահ Հաֆիզ Ասադի, Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժիեի և վարչապետ Ռաշիդ Սոլհի, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավար Յասիր Արաֆաթի, Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի, Իրանի պաշտպանության նախարար և Հեղափոխական խորհրդի նախագահ, Այաթոլլահ Խոմեյնիի հատուկ ներկայացուցիչ Մուստաֆա Չամրանի և այլ երկրների բարձրաստիճան պետական այրերի հետ բանակցություններին: Եղել է սովետա-արաբական բարեկամության և մշակութային կապերի ասոցիացիայի և «ԽՍՀՄ-Իրաք» բարեկամության ընկերության փոխնախագահը, Ասիայի և Աֆրիկայի համերաշխության խորհրդային կոմիտեի և նրա վարչության անդամ, Հայ-արաբական բարեկամության ընկերության նախագահը, «ԽՍՀՄ-Լիբանան», «ԽՍՀՄ-ԵԺԴՀ» բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ և այլն: Հիմնադրել է բախումնաբանությունների լուծման Հայկական կենտրոնը: Եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում և ՀՀ պաշտպանության նախարարության Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհուրդների անդամ, 2006թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդականը, Մերձավոր ու Միջին Արևելքի միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների բաժնի վարիչը, 2007թ-ից՝ նաև ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդականը: Քեմբրիջի (Անգլիա) միջազգային կենսագրական կենտրոնի կողմից 2004թ. արժանացել է «Աշխարհի առաջատար գիտնական», 2005թ.՝ «21-րդ դարի ականավոր գիտնական» պարգևներին, 2009թ. ներառվել է «100 ամենաբարձրակարգ գիտնականների» ցանկում: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ ՊՆ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» և «Հայկական զինված ուժեր. 1992-2012», «Բարեկամության բնագավառում ներդրման համար» (Մոսկվա) մեդալներով, ՀՀ կառավարության «Հայոց Մեծ Եղեռն» ոսկեզօծ մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով, ԼՂՀ «Ղարաբաղյան Շարժում» մեդալով, ՀՀ ԳԱԱ գովեստագրով, ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով, «Հայաստան-Եգիպտոս. Դիվանագիտական հարաբերություններ. 15 տարի. Բարեկամություն և Համագործակցություն» մեդալով: 2003թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում։