Պողոս Սուքոյան
Ծնվել է Բաթումիում: 1937-43թթ և 1946-54թթ սովորել և աշխատել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում: 1942թ. Տաշքենդում աշխատել է հայտնի ճարտարապետներ Մ.Բարշի և Վ.Կրինսկու մոտ` որպես ասիստենտ: 1943-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1946թ. վերադարձել է Մոսկվա և զբաղվել մանկավարժական գործունեությամբ, զուգահեռ սովորել ասպիրանտուրայում: Իր ղեկավարի` Ի.Ժոլտովսկու հետ աշխատել է մի շարք հայտնի նախագծերի շուրջ` Խորհրդարանի տուն, Պանթեոն, բնակելի տներ, շենքեր, թաղամասեր, կինոթատրոններ Մոսկվայում և այլն: Նախագծել և իրականացրել է Լվովի գյուղատնտեսական ինստիտուտը: 1957թ-ից մի քանի ռուս ճարտարապետների հետ համատեղ նախագծել և կյանքի է կոչել Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի և Նկարիչների Տան շենքերը: 1990-ականներին եղել է «Մոսպրոեկտ 2» շենքերի կառուցման և հասարակական շենքերի նախածերի վարչության ղեկավարը և գլխավոր ճարտարապետը: Նախագծել է նաև Մոսկվայի Կարմիր Դարպասների պողոտան, Պակրովկայի և Մոդեռն թատրոնների շենքերը, Արվեստների այգին և այլն: Հեղինակել է նաև նատյուրմորտներ, դիմանկարներ, գեղանկարչական այլ աշխատանքներ, որոնց հիմնական թեմաներն են Հայաստանը, Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Հունաստանը, Բայկալ ծովը, եկեղեցիներ, հետպատերազմյան գործեր: 1950թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում: 1952-2005թթ հեղինակել է բազմաթիվ մասնագիտական հրապարակումներ, հոդվածներ: Եղել է Ռուսաստանի ճարտարապետական և ճարտարագիտության ակադեմիայի, Միջազային ճարտարապետական ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի պատվավոր շինարար, նկարիչների միության անդամ: Դարձել է մի շարք մրցույթների և միջազգային փառատոների դափնեկիր: Պարգևատրվել է Կարմիր աստղի և Պատերազմի 2-րդ կարգի մեդալներով: 1991թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Մոսկվայում: