Zark Foundation

Նիկոլ Գալանդերյան

Նիկոլ Գալանդերյան

Կոմպոզիտոր

7 սեպտեմբեր, 1881 - 2 մարտ, 1944

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում: 1894-96թթ հայկական ջարդերի ժամանակ կորցրել է ընտանիքը, միայն փրկվել է ինքը, մայրը և քույրը: 1900-03թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում` Կոմիտաս Վարդապետի մոտ: Սովորել է երկու տարի և ծանոթացել հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտությանը: Ուսումնասիրել է նաև ջութակ, կիթառ, հայկական երաժշտություն: Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցներում, 1910թ.՝ Թիֆլիսում: 1911թ-ից ապրել է Թեհրանում և գրել երաժշտություն: Առաջին գործը եղել է Ա.Իսահակյանի «Երգեր և վերքեր» բանաստաղծության հիման վրա գրված երաժշտությունը: Հետագայում դասավանդել է Թեհրանի Հայկազյան դպրոցում, որտեղ ապրել և ստեղծագործել է կյանքի մեծ մասը: 1925թ. կազմակերպել է «Գողթան» (1942թ-ից՝ «Գալանդերյան») երգչախումբը: Կոմպոզիտորի երգերը գրված են քաղաքային ժողովրդական երգի ոճով՝ Վ.Տերյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի, Ե.Չարենցի, Մ.Մեծարենցի և այլոց բանաստեղծությունների հիման վրա: Նրա լավագույն երգ-ռոմանսները՝ «Արդյոք ո՞ւր ես», «Ես սիրում եմ», «Հեռանալ մոռանալ», «Կապույտ աղջիկ», «Ափսոսանք», «Հովիկ», «Դու նորից եկել ես», «Ծիրանափառ գիշերներ», «Կանցնին օրեր», «Այնպես նազիկ» և այլն, անձնական քնարերգության արտահայտություն են: Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված «Գյուղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է «Ակնա հարսանիք» խմբերգերի շարքը («Վարդ եմ քաղել օյ նար», «Գյուլիզար», «Դալիլո-լիլո» և այլն): Գրել է «Լալվարի որսը» (ըստ Վ.Միրաքյանի, բեմադրվել է Թեհրանում 1928թ., 1930թ., սիրողների ուժերով), «Փարվանա» (ըստ Հ.Թումանյանի, 1932թ.), «Հովիվը» (ըստ Վ.Փափազյանի «Լուր-դա-լուր»-ի, 1933թ.) օպերաները, մանկական երգեր ու օպերաներ («Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը» և այլն), ջութակի, թավջութակի, դաշնամուրի մանրանվագներ: 30 տարվա ընթացքում գրել է շուրջ 1000 երաժշտություն, 3 օպերա, 8 մանկական օպերա: Նրա գործերը պահպանվում են Երևանի արվեստի և գրականության պետական թանգարանում: Մահացել է Իրանի Սպահան քաղաքում: