Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին, Հայաստանի Իջևան քաղաքում: 1991թ. ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992թ-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998թ. հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999թ. նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.: 1999թ. օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել: 2007թ. եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007թ. խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 2008թ. մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ: 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13թթ եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը: 2013թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-15թթ եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015թ-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ: 2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար: 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։ 2017թ. մայիսից եղել է «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավարը: 2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։ Հեղինակել է քաղաքական ուղղվածությամբ մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ձոն գարնանամուտի» աշխատանքը։ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ընդհատակում գտնվելու ժամանակ ստեղծել է «Երկրի հակառակ կողմը» վեպը: 2018թ-ից ՀՀ վարչապետն է։