Նիկողայոս Տեր-Ավետիքյան
Ծնվել է Զանգեզուրի Բռնակոթ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-94թթ՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1899թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները ոսկե պարգևանշանով։ Աշակերտել է Նիկողայոս Մառին։ 1899-1901թթ Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903թ. եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերենը, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908թ., ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909թ. և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1916թ. «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915թ., ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916թ. եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին: 1917թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920թ. մեկնել է Լոնդոն, ապա՝ Փարիզ։ 1930թ. հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» («Byuzntion») հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրաթյան, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ Նրա «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Նրանում մանրազնին հետազոտված են Հայաստանի պատմաշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության են ենթարկված հայկական ֆեոդալիզմի, հայ գյուղացիության հարցերը։ Հետագայում գյուղացիության պատմության խնդիրներն ավելի հանգամանորեն քննել է «Հայ հին շինականությանը» (1927թ.) ուսումնասիրության մեջ։ Մյուս ծավալուն աշխատությունը՝ «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է։ Գիտական բարձր մակարդակով վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ։ Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը։ Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները՝ բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, կայսրուհի Թեոդորա 1-ինի, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլ 1-ին և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948թ.)։ Մեծ արժեք են ներկայացնում պատմաբանի աղբյուրագիտական ն բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն և այլոց։ «Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925թ.) աշխատության մեջ ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը՝ մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջև։ Ձեռնարկել էր գրել նաև հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946թ., 1972թ.)։ Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին նրա հոդվածները։ Եղել է նաև հմուտ գրականագետ: Գրել է մի շարք հոդվածներ, 1903-04թթ Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը։ Հայ հասարակական-քաղաքական հարցերում ունեցել է ազգային-պահպանողական կողմնորոշում, գտնում էր, որ դեռ հայ ժողովուրդը հասունացած չէ ազգային-ազատագրական պայքարի համար։ Նա կողմնակից էր խաղաղ ստեղծագործ կյանքի, ժողովրդի լուսավորությանը՝ առանց քաղաքական ցնցումների։ Շատ հարցերում հաղթահարել է կղերաֆեոդալական պատմագրության սահմանափակությունը՝ Հայաստանի պատմության պարբերացման հիմքում դնելով ժողովրդի ներքին կյանքի զարգացումը։ Նրա պատմահայեցողությունը շարադրված է «Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում» (1927թ.) ուսումնասիրության մեջ, որտեղ նա հին Հայաստանի պատմության հիմնական շարժիչ ուժը համարել է ազնվականությանը և փաստորեն անտեսել ժողովրդական զանգվածների դերը։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյոաելի հայկական գաղութին: Մահացել է Բրյուսելում: