Նիկողայոս Հովհաննիսյան
Ծնվել է Թիֆլիսում: 1856թ. ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, որից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Այդ տարիներին հանդես է եկել թատրոնի ասպարեզում։ Մոսկվայում հիմնված և հայերեն ներկայացումներ բեմադրող թատերասիրաց խմբակի համար, 1859թ. գրում է «Վա՜յ իմ կորած 50 ոսկի» կենցաղագրական առաջին պիեսը: Առաջին անգամ պիեսը ներկայացվում է 1859թ. հունվարի 27-ին Մոսկվայում՝ Նովայա Բասմաննայա փողոցում գտնվող վաճառական Միքայել Ստեփանյանցի տանը: Այնուհետև, երկար ժամանակ բեմադրվել է հայկական թատերական խմբերի կողմից: 1860թ. օժանդակել է «Հյուսիսափայլի» հրատարակման գործին: Մոսկվայում ներկայացված հայերեն մի բեմադրության մեջ 1865թ. ստանձնել է «հարուստ վաճառականի» դերակատարությունը։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս: 1866թ. Թիֆլիսի Մարիամյան օրիորդաց ուսումնարանում աշխատել է որպես ուսուցիչ և միաժամանակ հանդիսացել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու: 1868թ. Թիֆլիսի քաղաքային ընտրությունների ժամանակ ընտրվել է ավագ ներկայացուցիչ, իսկ քաղաքագլուխ Երեմիա Արծրունու հրաժարականից հետո 1,5 տարի վարել է քաղաքագլխի պաշտոնը: Նրա պաշտոնավարության շրջանում՝ 1868թ. նոյեմբերի 8-ին, բացվել է Քաղաքային նոր հիվանդանոցը: 1869թ. մասնակցել է Գայանյան օրիորդաց ուսումնարանի հիմնադրմանը: Մահացել է Թիֆլիսում: