Zark Foundation

Նիկողայոս Արղության

Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

27 մարտ, 1845 - 30 մարտ, 1916

Նիկոլայ Արգուտինսկի, Երկայնաբազուկ
Ծնվել է Հայաստանի Սանահին գյուղում: Եղել է Արղության-Երկայնաբազուկներ տոհմի ներկայացուցիչ, իշխան: Քաղաքական ներքին հակամարտության պայմաններում 1891թ. ապրիլի 25-ին ստանձնել է Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը՝ ղեկավարելով քաղաքը մինչև 1893թ. հուլիսի 10-ը: Ի դեպ 1892թ. ընտրվել է Զրկինյանց Սբ. Կարապետ եկեղեցու հոգաբարձու: Հրաժարականից հետո երկրորդ անգամ քաղաքագլխի պաշտոնում ընտրվել է քաղաքագլուխ Պողոս Իզմայիլյանի մահից հետո՝ 1895թ. 54 կողմ և 10 դեմ ձայների հարաբերությամբ: Երկու տարի և երկու ամիս պաշտոնավարելուց հետո առանց սահմանված ժամկետը (4 տարի) լրանալու, 1896թ. հուլիսի 12-ին հրաժարական է տվել խորհրդարանի պատգամավորների միմյանց հետ վեճերի պատճառով: Մինչև հրաժարականի դիմումի հաստատումը Թիֆլիսի նահանգապետի կողմից պարգևատրվել է արծաթե մեդալով և կրծքանշանով: 1900թ. 300 ռուբլի նվիրատվությամբ աջակցել է Թիֆլիսի «Ժողովրդական տան» շինարարությանը: 1903թ. փետրվարի 24-ին Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել նաև երրորդ անգամ՝ պաշտոնավարելով մինչև 1904թ. մարտի 3-ը: Պաշտոնավարման ժամկետի ավարտին չսպասելով՝ վաղաժամկետ հրաժարական է տվել: 1903թ., նրա ակտիվ մասնակցությամբ իրականացվել է ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող շինարարություններից մեկը՝ Երևանյան հրապարակում գտնվող «Քաղաքային տան» շինարարությունը: Երրորդ հրաժարականից հետո նա սեփական միջոցներով նպաստել է հատկապես կրթական ոլորտի զարգացմանը: Մինչև իր մահը հանդիսացել է Թիֆլիսի արական գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամ: Խուլ-համր երեխաների համար քաղաքում հիմնել է դպրոց, որի նախագահն է եղել մինչև կյանքի վերջը: Իշխանը եղել է նաև ակնառու մտավորական: Նրա հարուստ գրադարանը, որը կազմված էր 10.000 հատորից, կովկասագիտության բացառիկ արժեք է ներկայացրել: Չնայած տվյալ ժամանակի դժվարին քաղաքական, ազգային իրադրության՝ նրա ընտանիքին հաջողվեց արժեքավոր գրադարանը փոխադրել նորանկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Մահացել է Թիֆլիսում, իսկ ապրիլի 7-ին տեղի հայկական Մայր տաճարում կատարվել է պատարագ և աճյունը տեղափոխվել է Սանահինի վանք, որտեղ ամփոփվել է տոհմական գերեզմանում: