Նիկողոս Թաշչյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, աշակերտել Գաբրիել Երանյանին, ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտության տեսություն, մասնակցել «Քնար հայկական» հանդեսի հրատարակմանը: Դասավանդել է Ներսիսյան վարժարանում, պաշտոնավարել հայկական դպրոցներում: 1861թ. եղբոր` Հակոբիկ Թաշճյանի հետ լույս է ընծայել «Նվագք օսմանյան» կիսամսյա թերթը, իսկ Գ.Երանյանի հետ` «Քնար հայկական» երաժշտական պարբերականը: 1863թ. Վարդան Փափազյանի և Տիգրան Չուխաճյանի հետ հրատարակել է «Օսմանյան երաժշտություն» հանդեսը: Գրել է հայրենասիրական երգեր: 1879թ-ից եղել է Կ.Պոլսի մայր եկեղեցու երաժշտապետը: Վերաձայնավորել է հայկական հոգևոր երգերը (Հ.Լիմոնճյանի նոտագրությամբ), որոնք հրատարակվել են Էջմիածնում` «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» (1874թ.), «Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց... Հայաստանեայց» (1875թ.) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877թ.) հատորներով, որոնք ներկայացնում են 5-15-րդ դարերի հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության մի բաժին` ժանրերի ու ձևերի բազմազանությամբ, ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք: Նշանակալի է նաև նրա «Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոցը» (1874թ.): Էջմիածնում նրան աշակերտել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: Որպես ուսուցիչ աշխատել է նաև Սկյութարի Մեզպուրյան և Սամաթիայի Արամյան վարժարաններում: 1880-ականներին վերադարձել է Կ.Պոլիս, շարունակել սիրած գործը: Հայտնի է եղել նաև որպես հրապարակախոս: Մահացել է Կոստանդնուպոլսում: