Zark Foundation

Նիկողայոս Ծաղկարար

Նիկողայոս Ծաղկարար

Մանրանկարիչ, գրիչ

17-րդ դար - 1693

Նիկողայոս Մելանավոր
Եղել է 17-րդ դարի Ղրիմի մանրանկարչության ղպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Վարդազատի և Փաշեկի որդին։ Կրթությունն ստացել է գրիչ և ծաղկող Զաքարիա քահանայի մոտ, Կաֆայում (այժմ՝ Թեոդոսիա, Ղրիմ)։ Աշխատել է տեղի Սբ. Սարգիս եկեղեցում, ինչպես և Սուրխաթում, Բախչիսարայում։ Հայտնի են 1647-93թթ նրա ընդօրինակած 34 ձեռագրերը, որոնցից 30-ը գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, մնացածը՝ Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան (Շարակնոց, 1644թ.), Ադրբեջանի ԳԱ (Ավետարան, 1672թ.), ԱՄՆ-ի Հարթֆորդի համալսարանի (Ավետարան, 1658թ.) գրադարաններում, ԱՄՆ-ի Պրինսթոնի համալսարանի գրատանը (Ավետարան, 1670թ.)։ Նկարազարդելիս որպես բնօրինակ օգտագործել է Կիլիկիայից, Գլաձորից, Բոլոնիայից (Իտալիա) Ղրիմ բերված ձեռագրեր։ Կիլիկյան նշանավոր «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ը ընդօրինակել է երեք անգամ։ Նրա շնորհիվ բազմացվել ու տարածում են գտել լավագույն վարպետների ստեղծած ձեռագիր բարձրարվեստ օրինակներ։ Աշխատել է հարազատորեն վերարտադրել հորինվածքները, պահպանել գունային համադրությունը, ձգտել է հասնել ընդօրինակվող նկարների կատարողական բարձր մակարդակին։ Օգտվելով բնօրինակներից՝ մշակել է իր համար պատկերագրական հատուկ շարք, հորինվածքների մեջ կատարել որոշ փոփոխություններ։ Նրա ձեռագրերը բազմաբովանդակ են, սակայն իրենց հարուստ հարդարանքով աչքի են ընկնում հատկապես Աստվածաշնչերն ու Ավետարանները՝ աստվածաշնչական, տերունական նկարներով, խորաններով, ավետարանիչների պատկերներով, հարուստ լուսանցազարդերով։ Եղել է նաև հմուտ կազմարար։ Նրա տապանաքարը գտնվում է Թեոդոսիայի Սբ. Սարգիս եկեղեցում: