Ծնվել է Մեծ Շահրիար գյուղում (ՀՀ Արմավիրի մարզի Նաբանդյան գյուղ): 1947թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944թ-ից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում: 1940-ականներին ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նույն շրջանում կերտել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի և ուրիշների դիմաքանդակները: 1960-70թթ ստեղծել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները: Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի կիսանդրիները: Երևանում հայտնի են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի և այլ հուշարձաններ: Արժեքավոր են նաև նրա ստեղծած շուրջ 30 մահարձանները Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը: Ստեղծագործել է նաև հաստոցային գեղանկարչության ու գրաֆիկայի բնագավառներում: Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1977թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 2008թ. պարգևատրվել Հայ եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ», 2009թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Հելսինկիում, Բրյուսելում և այլուր: 1977թ. արժանացել է Հայաստանի, 1982թ.` ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Մոսկվայում: