Ծնվել է Ռուսաստանի Ցարսկոյե Սելո (այժմ՝ Պուշկինո) քաղաքում: Ստեղծագործության առաջին դասատուն եղել է մորեղբայրը՝ Ալեքսանդր Սպենդիարյանը, որը և օգնել է նրան նոտագրելու իր առաջին երկերը (սոնատինա, պրելյուդներ, 2 քայլերդ և այլն)։ 1923-28թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Ա.Ալեքսանդրովի դասարանում: Ուսման տարիներին գրել 2 լարային կվարտետ, փողային գործիքների և դաշնամուրի կվինտետ, ջութակի կոնցերտ, «Պիոներիա» սյուիտ՝ շեփորի և դաշնամուրի համար, «Հայաստան» սյուիտ՝ ձայնի և դաշնամուրի համար։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայում ստեղծված «Արտադրական կոլեկտիվի» («Պրոկոլլ») կազմակերպիչներից, մասնակցել ՌԱՊՄ-ին («Российская ассоциация пролетарских музыкантов»)։ 1937-38թթ եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Մոսկվայի կազմակերպության վարչության նախագահը։ Մշակել է ռուսական, հայկական, ուզբեկական, տաջիկական, մոլդավական ու բաշկիրական ժողովրդական երգեր։ Գրել է «Տաջիկական սյուիտ» (1932թ.), «Ուզբեկական սյուիտ» (1938թ.), «Ռուսական նախերգանք» (1936թ.), «Կարլուգաս» («Ծիծեռնակ») բաշկիրական օպերա (1941թ., բեմադրվել է 1942թ.) և այլ գործեր։ Լավագույն գործերից է «Պարային սյուիտ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար (1940թ.), հիմնված հայկական ժողովրդական երաժշտության տարրերի օգտագործման վրա։ Նշանակալից են նրա երրորդ կվարտետը (1943թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946թ.), «Հայաստան» սիմֆոնիա-պոեմը (1944թ., հրտ.՝ 1961թ.), Հայկական երգերը՝ ձայնի և լարային կվարտետի համար (1945թ.)։ 1944թ. արժանացել է Բաշկիրիայի Ինքնավար հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մոսկվայում: