Ծնվել է 1959թ. ապրիլի 29-ին, Երևանում: 1973-78թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ-ից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես թավջութակահար: Նվագախմբի կազմով բազմաթիվ հյուրախաղերով եղել է աշխարհի մի շարք երկրներում, մասնակցել բազում փառատոների Հայաստանում և արտասահմանում: 1986թ. երևանյան միջազգային ջազային փառատոնի ժամանակ, որպես կոնտրաբասիստ հանդես է եկել հոլանդական «Dutch Swing College» խմբի հետ: Համագործակցել և բազմաթիվ ելույթներ է ունեցել մի շարք հանրահայտ ջազային երաժիշտների, կատարողների ու խմբերի հետ` Տաթևիկ Հովհաննիսյան, Արմեն Դոնելյան, Միշել Լեգրան, Չիկ Կորեա, Իգոր Բուտման, Դանիիլ Կրամեր, Ալեքսանդր Զախարյան, Արտո Թունջբոյաջյան, «Earth, Wind & Fire», «Three Mo Tenors» և այլն: 2001-04թթ մասնակցել է արաբ երգչուհի Ֆեյրուզի համերգային հյուրախաղերին մի շարք երկրներում, իսկ 2002թ. երգչուհու հետ ձայնագրվել է ձայնասկավառակում, 2011թ. մասնակցել բեյրության փառատոնին: Վահագն Հայրապետյանի տրիոյի կազմում ելույթներ է ունեցել «Toronto Du Maurier Downtown Jass Festival» և «Montreal Jazz Fest» փառատոների ժամանակ: «Մալխաս» ջազային ակումբի հիմնադրման օրվանից համագործակցել է Լևոն Մալխասյանի հետ` հանդիսանալով «Մալխաս» ջազային խմբի կոնտրաբասիստը: Աշխատել է Երևանի և արտասահմանյան մի շարք ջազային ակումբներում: 1998թ. մասնակցել է Արտո Թունջբոյաջյանի «Armenia Navy Band» խմբի առաջին ձայնասկավառակի թողարկման աշխատանքներին: