Zark Foundation

Նիկողայոս Տեր-Ղևոնդյան

Նիկողայոս Տեր-Ղևոնդյան

Մանկավարժ

5 մարտ, 1849 - 8 մարտ, 1920

Ծնվել է Ելիզավետպոլի Նյուզգեր գյուղում (այժմ՝ Գանձակ, Ադրբեջանում): 1857-67թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1868-71թթ աշխատել է Վերին Ագուլիսի հայոց երկսեռ, 1872-74թթ՝ Թիֆլիսի Գայանյան օրիորդաց, 1874-77թթ՝ Մոզդոկի օրիորդաց, 1878-81թթ՝ Երևանի թեմական դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1882թ. տեղափոխվել է Թիֆլիս։ Նրա գաղափարները ձևավորվել են Խ.Աբովյանի, Ղ.Աղայանի, Մ.Նալբանդյանի, Կ.Ուշինսկու աշխատությունների ազդեցությամբ։ Հիմնականում զբաղվել է տարրական դասարաններում հայոց լեզվի ուսուցման, գրաճանաչության, ընթերցանության, ուղղագրության հարցերով։ Ձգտել է դպրոցի դեմոկրատացմանը և աշխարհաբարն ուսուցման լեզու դարձնելուն։ Կազմել է «Մայրենի լեզու» ընթերցարանների շարքը (1-4-րդ դասարաններ)։ Առաջին դասագիրքը՝ «Այբբենարան»-ը (հրատարակվել է 1871թ.), մինչև 1912թ. վերահրատարակվել է 35 անգամ։ Նրա գրչին են պատկանում նաև «Մայրենի լեզվի քերականության տարերքը» (1883թ.), «Բացատրություն մայրենի լեզվի» (ձեռնարկ ծնողների և ուսուցիչների համար, 1878թ.), «Արփիկ» (1910թ.) ուսումնական ձեռնարկները։ Նրա դասագրքերը օգտագործվել են նաև արևմտահայ դպրոցներում։ Մահացել է Թիֆլիսում: