Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, գործել Թիֆլիսում։ Մասնակցել է Թիֆլիսի «Հայոց թատրոնական կոմիտետի» (1863թ.) կազմակերպմանը։ Եղել է հայ կենցաղային կատակերգության ճանաչված դեմքերից։ Նրա ֆարս-վոդևիլների նյութը ժողովրդական խավերի կյանքն է, Թիֆլիսի հայկական միջավայրը՝ իր ազգային ցայտուն կոլորիտով ու բարբառով։ Այդ պիեսներում («Հազար թումնանոց կաբա», 1863թ., «Դալալ Ղաղո», 1863թ. և այլն) դրամատուրգը ծաղրել է քաղքենիությունը, մտավոր սահմանափակությունը, հարստանալու մոլուցքը, համակրանք է արտահայտել հայ պանդուխտների նկատմամբ։ Փոխադրել է Մոլիերի «Բռնի ամուսնություն» կատակերգությունը, որը բեմադրվել է «Վուր տրաքվիս, պիտի պսակվիս» վերնագրով։ Մահացել է Թիֆլիսում: