Նունե Կորգանովա, Դարիալի
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի, երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Հեղինե Ղորղանյանի և Մարիամ Ղորղանյանի քույրը։ Սովորել է Պետերբուրգում, Բեստուժևյան դասընթացներում։ Գերազանց տիրապետել է ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և գերմաներեն լեզուներին: Մասնագիտական երաժշտական կրթությունն ստացել է Փարիզում (Պոլինա Վիարդոյի մոտ), ապա՝ Միլանում (դասատուներ՝ Ֆրանչեսկո Լամպերտի, Ա.Բուցի)։ Երգել է Եվրոպայի օպերային և համերգային բազմաթիվ բեմերում։ 1870-80թթ եղել է Բեռլինի Վիլհելմ 1-ինի թատրոնի արտիստ: Մասնակցել է եվրոպական մշակութային մի շարք երեկոների: Մինչև 1885թ. հյուրախաղերով հանդես է եկել Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Բեռլինի, Օդեսայի և այլ քաղաքների օպերային թատրոններում, որից հետո, առողջական խնդիրների պատճառով, թողել է բեմը: Սկսած 1880թ-ից ելույթներ է ունեցել նաև Թիֆլիսում։ 1885թ. տեղափոխվել է Օդեսա, զբաղվել մանկավարժական գործունեությամբ: Մինչև 1890թ. դասավանդել է Օդեսայի կայսերական ռուսական երաժշտական ուսումնարանում: 1891թ. երաժշտության դասընթացներ է հիմնել Մոսկվայում (երգչուհի Կլիմենտովա-Մուրոմցևայի հետ), որտեղ հայ, վրացի և ռուս երիտասարդներին դասավանդել է անվճար, հիմնել է Պետրոս Ադամյանի, Գենարիոս Ղորղանյանի անվան կրթաթոշակներ։ Դերերգերից են՝ Վանի (Մ.Գլինկայի «Կյանքը հանուն ցարի»), Ռատմիրա (Մ.Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»): Մահացել է Մոսկվայում: