Ծնվել է Թիֆլիսում: 1909թ-ից սկսել է թատերական գործունեությունը Թիֆլիսում, հիմնականում հանդես եկել Զուբալովի անվան ժողտանը: Ամո Խարազյանի և Հովհաննես Զարիֆյանի թատերախմբերի հետ ելույթներ է ունեցել Անդրկովկասի մի շարք քաղաքներում: 1920թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և սկսել աշխատանքը Ամո Խարազյանի թատրոնում: 1922-23թթ խաղացել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում, 1923-34թթ` Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): Խաղացել է նաև Դիլիջանի թատրոնում: 1925թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում: 1929-57թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի, եղել է նաև հիմնադիրներից: Հիմնականում խաղացել է խիստ բնութագրական և կատակերգական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Քալլի), «Պեպո» (Էփեմիա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան, Սուսամբար), «Պատվի համար» (Ռոզալիա), «Չար ոգի» (Զարնիշան), Հ.Թումանյանի «Գիքոր» (Դեդի), Ֆոնվիզինի «Տհասը» (Պրոստակովա), Չ.Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ» (Տրուդվուդ) և այլն: Նկարահանվել է «Նամուս» (1925թ,), «Զարեհ» (1927թ.), «Չար ոգի» (1928թ.), «Ղուլը» (1928թ.), «Պեպո» (1935թ.) և այլ ֆիլմերում: 1949թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: