Zark Foundation

Նշան Մարտիրոսյան

Նշան Մարտիրոսյան

Արևելագետ

14 հոկտեմբեր, 1894 - 9 օգոստոս, 1966

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Խուռնավիլ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի նախակրթական դպրոցում: 1910թ. տեղափոխվել է Ավստրիա, որտեղ 1918թ. ավարտել է գերմանական միջնակարգ դպրոցը: 1920-26թթ սովորել է Պրագայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում, որտեղ, աշակերտելով արևելագետ Բեդրիխ Հրոզնուն, մասնագիտացել է արևելագիտական առարկաների (շումերերեն, աքքադերեն, ասորերեն, խեթերեն և Փոքր Ասիայի պատմություն) գծով: 1926թ. ստացել է դոկտորի գիտական աստիճան և հրավիրվել Պրագայի համալսարան որպես դասախոս: Իր աշխատություններում անդրադարձել է հայերենի ծագումնաբանությանը, դիցաբանությանը, աշխարհագրությանը, փոքրասիական հնագույն ժողովուրդների և հայերի առնչություններին (Հայերենի հարաբերությունը հեթիդերենի հետ, «ՀԱ», 1924թ., 1926թ., Հայ տեղանունների շուրջը, «Կյանք և գիր», 1948թ., Հայոց հնագույն օրրանը, Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը, 1959թ.), Հայաստանի քաղաքական վիճակին, տեղագրությանը, ցեղային ծագմանը, լեզվին, գրին, բարքերին ու արվեստին: Գերմաներեն և չեխերեն է թարգմանել հայ գրականության չափածո և արձակ նմուշներ: 1963թ. լույս է տեսել «Գիլգամեշ» դյուցազնավեպին նվիրված նրա աշխատությունը: Մահացել է Պրագայում: