Ծնվել է 1944թ. հունվարի 27-ին, Թբիլիսիում: Գեղանկարիչ, խեղեգործ Վան Սողոմոնյանի կինն է: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նկարչուհու խեցեգործական և գեղանկարչական աշխատանքներին բնորոշ է փիլիսոփայական-հուզական ներգործությունը: Գործերից են՝ «Հանդիպում» (1993թ.), «Երկխոսություն» (1995թ.), «Խաղ» (1999թ.) գեղանկարները, «Թատրոն» (1982թ.), «Կին-թռչուն» (1985թ.), «Աղոթք» (1986թ.), «Հայելի» (1981թ.) և այլ խեցեգործական աշխատանքներ: 1971թ-ից մասնակցել է միջազգային խմբային ցուցահանդեսների, սիմպոզիումների, մրցույթների և բիենալների Կանադայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Լատվիայում, Ֆրանսիայում, Իտալիայում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980թ., 1992թ., 2008թ.), Մոսկվայում (1986թ.), Գերմանիայի մի շարք քաղաքներում (1993-2006թթ), Փարիզում (1999թ.): Նկարազարդել է նաև մի շարք գրքեր: Հայաստանի նկարիչների միության և Լեհաստանի «Կերամոս» խեցեգործության միջազգային ակադեմիայի անդամ է: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգագրության թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Դեկորատիվ արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1978թ. և 1980թ.Ֆրանսիայի Վալորիս քաղաքում արժանացել է խեցեգործության միջազգային մրցույթի դիպլոմի: