Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Վեց տարեկան հասակից տեղափոխվել է բնակության ՀՀ Արագածոտնի մարզի Պռոշյան ավան: 1979թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Գրական առաջին քայլերն սկսել է «Պիոներ-Կանչ» թերթից, ուր տպագրվել են նրա մանկական բանաստեղծություններն ու պատմվածքները: 1984թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1985-88թթ աշխատել է մասնագիտությամբ: 1987թ. ավարտել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացի գերմաներենի բաժինը: 1989-93թթ աշխատել է լրագրության բնագավառում` որպես լրագրող, միաժամանակ թղթակցելով տարբեր լրագրերի և ամսագրերի: 1992թ. «Ուրբաթ» շաբաթաթերթում տպագրվել է նրա «Տեր, փրկիր դու քաղաքն այս ծեր» պոեմը, ապա լույս է տեսել «Ձյունե աղոթք» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Լույս է տեսել նաև նրա «Միջօրեի ոտնաձայները» (2006թ.), «Անսրբագիր ներկայություն» (2010թ.), «Ապրելու կանխավարկած» (2014թ.), «Պատերազմապատ տարածքներ» (2017թ․), «Ժամկետանց լռություն» (2017թ․), «Կորստի խճաքարեր» (2018թ․) բանաստեղծությունների ժողովածուները: Նրա բանաստեղծական շարքերը թարգմանվել են պարսկերեն, գերմաներեն: 2007թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1993թ-ից ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, եղել է ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, արժանացել է բազում պարգևների և մեդալների: 1995թ․ ավարտել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի Վերիֆիկացիոն կենտրոնի գերմաներեն լեզվի 6-ամսյա դասընթացը, 2017թ․՝ Միացյալ Թագավորության Պաշտպանական ակադեմիայի լեզուների և մշակույթի պաշտպանական կենտրոնի անգլերեն լեզվի բազային դասընթացը։ Մահացել է Երևանում։