Ստեփան Գազեզյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքում, աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ Վանքում նրան կոչել են Հարություն Թերզոնց: 1866-68թթ եղել է Վենետիկի Ռափայելյան, ապա՝ Քաղկեդոնի (Գադը Քյոյ) Մխիթարյան վարժարանների ուսուցիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1866թ-ից՝ քահանա: 1867թ. վարել է «Բազմավեպի» տեսչությունը: 1868-69թթ եղել է մատենադարանապետ: 1870թ. հրաժարվել է հոգևոր կոչումից, մեկնել Փարիզ, ապա՝ Կ.Պոլիս, որտեղ լույս է տեսել նրա «Հայկական բառաքննութիւն...» (1880թ.) աշխատությունը: 1882թ. մեկնել է Ստոկհոլմ: «Բառգիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն» (1884թ.) բառարանում օգտագործել է հայ մատենագրության մեջ եղած լեզվաբանական փաստերը, կատարել ստուգաբանություններ: Նրա «Կորիւն վարդապետ եւ նորին թարգմանութիւնք» (1900թ.) աշխատությունը վերաբերում է Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի լեզվաբանական և բանասիրական քննությանը: Անդրադարձել է Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու և այլոց երկերին: 1921թ. «Հանդես ամսօրյայում», 1925թ. առանձին գրքով լույս է տեսել նրա «Քննադատութիւն Հայբուսակի» աշխատությունը, որում արժևորել և քննադատել է Ղևոնդ Ալիշանի երկրը: Լեզվաբանի շատ բառարաններ և ուսումնասիրություններ անտիպ են: Մահացել է Կոստանդնուպոլսում, 1924թ. աճյունը տեղափոխվել է Ստոկհոլմ: