Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1914թ. հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա` Երևան։ Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց։ 1922թ. ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը` ընդունվել և 1925թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, իսկ 1932թ.` Մոսկվայի կարմիր պրոֆեսուրան։ 1927-30թթ եղել է «Գրական դիրքերում», 1936-37թթ` «Խորհրդայի գրականություն» ամսագրերի, իսկ 1930-36թթ` «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1935-37թթ` ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչը։ 1937թ. կարճ ժամանակով եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը (1936թ-ից` պրոֆեսոր)։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937-39թթ բռնադատվել է՝ գտնվելովվ ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ 1920-30-ական թվականների գրական կյանքի աչքի ընկնող դեմքերից է եղել, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ։ Գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից պայքարել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ։ Եղիշե Չարենցի արդարացումից հետո` 1954թ., «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին` հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների` ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1940-55թթ դասխոսել է Երևանի պետական համալսարանում և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Հրատարակվել են նրա «Ինչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ» (1928թ.), «Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին» (1934թ.), «Եղիշե Չարենց» (1954թ.), «Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը» (1954թ.) գրքերը: Մահացել է Երևանում։