Zark Foundation

Նորայր Դավթյան

Նորայր Դավթյան

Դիրիժոր

Ծնվել է 1950թ. հունվարի 12-ին, ՀՀ Արարատի մարզի Մրգավետ գյուղում: Ութնամյա կրթությունն ստանալուց հետո՝ 1965թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի բաժին, որն ավարտել է 1970թ.: Նույն տարում ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության ֆակուլտետի երաժշտության բաժին, այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` ստանալով նվագախմբի դիրիժորի մասնագիտություն: Երաժշտական գործունեությունն սկսել է 1970թ-ից, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախմբում, որպես քամանչահար և բամբիռահար, այնուհետև՝ դիրիժոր։ Մինչև 1996թ. աշխատել է անսամբլում: 1978թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ղեկավարելով քամանչայի մասնագիտական դասարանը (1998թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է բազմաթիվ ուսումնական ծրագրեր, ձեռնարկներ և ժողովածուներ: Որպես քամանչահար և դիրիժոր հեղինակել է բազմաթիվ գործիքավորումներ ու ձայնագրություններ: 2005թ. իր և կոմպոզիտոր Արա Գևորգյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգային շրջագայությունների է մեկնել Հայաստանի մարզեր, Արցախ, ՌԴ Կրասնոդարի երկրամաս, ինչպես նաև Թուրքմենստանի հանրապետություն` ՀՀ նախագահի պաշտոնական այցի և հայկական մշակութային օրերի շրջանակներում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 35 երկրներում։ 2012թ. մասնակցել է Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին, իսկ 2013թ. համերգով հանդես է եկել Բուենոս Այրեսի, Կորդովայի և Սան Պաուլոյի հայ համայնքներում՝ նվիրված Կոմիտասի 144-ամյակին։ Արժանացել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ մրցույթ-փառատոների դափնեկրի կոչման: Արժանացել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2008թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: