Ծնվել է Երևանում: Երգել է Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցում, ուր սովորել է: Այստեղից էլ 1936թ., մասնակցելով պատանի կատարողների համամիութենական մրցույթին, մեկնել է Մոսկվա և Կրեմլի դահլիճում Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգի կատարումով արժանացել է առաջին մրցանակին: 1942-43թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Որպես դերասան հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1944թ. տեղափոխվել է Երևանի օպերետային թատրոն: Այնուհետև դերասանական գործունեություն է ծավալել Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: Հանդես է եկել հետևյալ ներկայացումնրում՝ Հ.Թումանյանի «Գիքոր» (Գիքոր), «Քաջ Նազար» (Սաքո), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Ստյոպա), Ա.Այվազյանի «Աշուղ Մուրադ» (Պահակապետ), «Ուշ լինի, նուշ լինի» (Սաքո), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Սմբատ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), «Սայաթ-Նովա» (Սայաթ-Նովա) և այլն: 1948թ., թողնելով թատրոնը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրողության վարպետության նորաբաց բաժին, որտեղ ուսանել է անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանի և հայոց լեզվի տեսաբան, պատմաբան Հակոբ Մանանդյանիդասարաններում: Այնուհետև աշխատանքի է անցել մայրաքաղաքի տարբեր թերթերում, ամսագրերում և պարբերականներում՝ որպես լրագրող: Լրագրողական գործունեություն է ծավալել նաև նորաբաց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում: Լինելով բնիկ երևանցի՝ 1950-ականների կեսերին գրել է հին երևանցիներին նվիրված ակնարկների մի ժողովածու, որտեղ զետեղված էին հին օրերի Երևանի նիստուկացի, սովորույթների, և հասարակության մասին մանրապատումներ, զրույցներ, և պատկերավոր նկարագրություններ: Հետագայում Թաթուլ Ալթունյանը նրան հրավիրել է Հայաստանի պետական Կապելլա` որպես մեներգիչ: Այս ժամանակահատվածում, բացի իր՝ արդեն ավանդական դարձած Սայաթ-Նովայի երգացանկից («Քամանչա», «Թամամ աշխարհ պտուտ եկա», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Աշխարհս մե փանջարա է», «Բլբուլի հիդ», «Արի ինձ անգաճ կալ», «Քանի վուր ջան իմ», «Չիս ասում»), կատարել է Շերամի («Սարեր, կաղաչեմ», «Էլի երկինս ամպել է», «Աննման տարազով»), Ջիվանու («Ձախորդ օրերը»), Հավասու («Ո՞ւր կերթաս», «Գարուն»), Շիրինի («Այգեպան»), Աշոտի («Սերս վանքում Տաթևի», «Օջախում», «Հեռացել ես», «Մոր սերը», «Արի բաղերով», «Վարդաղբյուր»), Փիլոյի («Թռվռալեն գալիս եք») գործերը, ինչպես նաև քաղաքային ֆոլկլորի որոշ ստեղծագործություններ: 1953թ. Արամ Մերանգուլյանի հրավերով, դարձել է նրա ղեկավարած ժողգործիքների վաստակավոր անսամբլի մենակատար: 1960-ականների կեսերին եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը և առաջնակարգ մենակատար: Հետագա ստեղծագործական գործունեությունը շարունակել է Երևանի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում: Երգացանկից հայտնի են՝ «Սև մութ ամպեր», «Մաճկալ», «Մայրիկիս», «Որսկան ախպեր», «Մայր իմ», «Քաղցր մի քուն», «Ցավոտ սիրտս», «Էս գիշեր», «Ով սիրուն, սիրուն», «Ամպել ա, ձյուն չի գալի», «Քույր իմ նազելի», «Անուշ Գարուն», «Մի սիրտ ունեմ», «Անուշ յար ջան», «Լուսնյակ գիշեր», «Կարմիր վարդեր շատ եմ փնջել», «Անունս ես տալիս», «Համեստ աղջիկ», «Դու ինձ համար», «Ձենով Օհանի ափսոսանքը», «Իմ սիրուհի», «Վերադարձիր», «Երանի թե», «Կռունկները շարան-շարան», «Սեր չտվիր» և այլ երգեր: 1960թ. կատարել է Սայաթ-Նովայի երգերը «Սայաթ-Նովա» գեղարվետսական ֆիլմում: Մենահամերգներով հանդես է եկել հանրապետության և Խորհրդային Միության շատ քաղաքներում, Թուրքիայում, Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Քուվեյթում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և այլուր: 1979թ., Ամմանի հյուրախաղերի ժամանակ, իր ունեցած ելույթից հետո, հուշամեդալ է ստացել Հորդանանի Հուսեյն թագավորի կողմից: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակաոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 1999թ. Լոս Անջելեսում առաջին անգամ կայացել է հայկական երաժշտական մրցանակաբաշխություն, որտեղ Նորայր Մնացականյանին, արդեն հետմահու, շնորհվել է պատվավոր մրցանակ` հայ ժողովրդական երգարվեստում իր թողած ավանդի համար: