Zark Foundation

Նունե Ավետիսյան

Նունե Ավետիսյան

Ասմունքող, հաղորդավար

Ծնվել է 1960թ. նոյեմբերի 5-ին, Երևանում: Երգիչ Վաղարշակ Սահակյանի և ասմունքող Սիրվարդ Մեսրոպյանի դուստրն է: 1966-76թթ սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցում: 1977-81թթ ուսանել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1981թ. արժանացել է Սանկտ Պետերբուրգի Յախոնտովի անվան ասմունքողների մրցույթի առաջին դափնեկրի կոչման: 23 տարեկանում նրան նկատել է Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառի հրավերով Վեհարանում կազմակերպված ցերեկույթին կարդացել է արևմտահայ բանաստեղծների մի քանի ստեղծագործություն: 1986-88թթ սովորել է Մոսկվայի Օստանկինոյի լրագրողների և հեռուստատեսության ռեժիսուրայի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է Արտավազդ Փելեշյանը: 1980-ական թվականներին աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական խմբագրությունում: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ: 1992թ-ից աշխատել է Հայ-թելե-ռադիոյում որպես հաղորդավար: 1997թ. ամուսնու հետ ստեղծել է «Բարև» հեռուստածրագիրը: Բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել հայ և օտարազգի նշանավոր քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ: Գրական-մշակութային հոդվածներով պարբերաբար հանդես է եկել «Համայնապատկեր», «Նոր օր», «Ասպարեզ» հանդեսներում: 2004թ. հրատարակել է «Վաղարշակ Սահակյան և Սիրվարդ Մեսրոպյան» ժողովածուն: 2018թ. Լոս Անջելեսում հիմնել է «Բարև» մշակութային կենտրոնը և Նունե Ավետիսյանի անվան ասմունքի դպրոցը: Թողարկել է շուրջ 15 խտասալիկ, որոնցում ներառված են դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: Ելույթներ է ունեցել Հայաստանում, Բոստոնում, Չիկագոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում և ԱՄՆ հայաշատ բազմաթիվ համայնքներում: Բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններ է իրականացրել արցախյան հերոսամարտի մասնակից զինվորների և վետերանների համար: Պարգևատրվել է ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Գլենդելի քաղաքապետարանի պատվոգրերով: