Ծնվել է 1963թ. հուլիսի 17-ին, Երևանում։ Երգիչ Հովհաննես Բադալյանի դուստրն է, դաշնակահար Արևիկ Բադալյանի քույրը: 1989թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը, 1992թ՝ ասպիրանտուրան: 1996թ. Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի և նույն թվականին առաջին մենահամերգն է ունեցել Մոսկվայում` Ս.Ռախմանինովի անվան համերգասրահում: 1999թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: 2001թ. երկու անգամ մենահամերգ է ունեցել Լոնդոնի Սբ. Ջոն Սմիթ Սքվերում: 2002թ. Ֆրանսիայի Կայն սյուղ Մեղ քաղաքում կատարել է Միքաելլայի դերերգը «Կարմեն» օպերայից: 2003թ. Հայաստանի օպերային թատրոնի հետ միասին Մոսկվայի Մեծ թատրոնում կատարել է Ադալջիզայի դերերգը Բելլինիի «Նորմա» օպերայից: Մենահամերգներ է ունեցել Պարսկաստանում, Վրաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Ժնևում, Աթենքում, Սալոնիկում, Համբուրգում, Նյու Յորքում, Բոստոնում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր: Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքաելլա), Վ.Բելլինիի «Նորմա» (Ադալջիզա), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Պամինա), Պ.Չայկովսկու «Իոլանտա» (Իոլանտա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Ջ.Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» (Չիո-Չիո-Սան), «Il Tabarro» (Ջիորջետտա), Յ.Բրամսի «Գերմանական ռեքվիեմ», Գ.Ֆ.Հենդելի «Մեսայա», Յ.Շտրաուսի «Վերջին չորս երգերը» և այլն: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: