Ծնվել է Ֆլորենցիայում: Եղել է գրող Կոստան Զարյանի և դաշնակահար Թագուհի Շահնազարյանի դուստրը: Նկարչական հետաքրքրությունները սկսվել են 17 տարեկանում: Սովորել է Միլանի «Scuola di Brera» ակադեմիայում, ավարտել Վենետիկի «Liceo Artistico»-ի դասընթացները: Քանդակագործ Ադոլֆ Վիլդի խորհրդով թողել է նկարչությունը և զբաղվել քանդակագործությամբ: Սովորել է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ աշակերտել է քանդակագործ Անջելո Ձանելլիին: 1935-40թթ սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է նկարիչ Բրունո Սայերիին: 1936թ. իտալական կառավարությունը նրան հատկացրել է օտարազգի ուսանողների համար սահմանված կրթաթոշակ: 1965թ-ից դասավանդել է Հռոմի գեղարվեստի լիցեյում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել իտալական Դիմադրության շարժմանը: 1960թ. հոր` Կոստան Զարյանի հետ այցելել է Հայաստան: Առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1946թ. «Cortile» պատկերասրահում, երկրորդը` 1950թ. «Galleria dello Zodiaco» ցուցասրահում, ուր ներկայացված են եղել 18 քանդակ, փայտագրություն և գծանկար: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոպենհագենում, Հռոմում, Վիեննայում, Օսլոյում, եվրոպական այլ քաղաքներում: 1964թ. Երևանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը և 25 գործ նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Երկրորդ ցուցահանդեսը Երևանում տեղի է ունեցել 1970թ.: Քանդակներից են` «Մայրություն», «Արևին նայող կինը», «Նստած կինը», «Ցանկապատի ետևում» և այլն: Մահացել է Իտալիայի Սանտա Մարինելլա քաղաքում: