Zark Foundation

Շազիկ Քյոյլույան

Շազիկ Քյոյլույան

Դերասանուհի, երգչուհի

8 օգոստոս, 1854 - 6 սեպտեմբեր, 1905

Լուսնակ Սըվաճեան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ստացել է թերի կրթություն, զբաղվել ձեռագործությամբ։ Ռեժիսոր Պետրոս Մաղաքյանը, ծանոթանալով նրա բեմական ու ձայնային տվյալներին, նրան հրավիրել է «Վարդովյան թատերախումբ», սովորեցրել գրել-կարդալ և դերասանական արվեստ, իսկ Տիգրան Չուխաճյանը մշակել է ձայնը՝ հասցնելով կատարելության։ Առաջին անգամ հանդես է եկել 1872թ.՝ Տ.Չուխաճյանի «Արիֆի խորամանկությունը» կոմիկական օպերայում, ապա աննախադեպ հաջողությամբ կատարել է նաև նրա մյուս կոմիկական օպերաների գլխավոր դերերգերը (Գյուլի, Ֆաթիմե՝ «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)։ Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ խաղացել է մի քանի սուբրետ դերեր, ապա հանդես է եկել նաև արևմտաեվրոպացի կոմպոզիտորների կոմիկական օպերաներում, որտեղ հասել է պրոֆեսիոնալ մակարդակի, արժանացել բարձր գնահատականի։ Եղել է նաև Տիգրն Չուխաճյանի և Տիգրան Գալեմճյանի հիմնադրած «Օսմանյան օպերային թատերախմբի» հիմնական անդամներից։ Տ.Չուխաճյանի և Արշակ Պենկլյանի օպերետային խմբում ելույթներ է ունեցել Կոստանդնուպոլսում և Ադրիանապոլսում։ Գլխավոր դերերգերով հանդես է եկել նաև այլ օպերետներում («Զեյբեկներ», «Բարեկենդանի հարսը») և երգախառն վոդևիլներում։ Մահացել է Կոստանդնուպոլսում: