Zark Foundation

Շապուհ Բագրատունի

Շապուհ Բագրատունի

Պատմաբան

9-10-րդ դար

Ապրել և ստեղծագործել է 9-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին։ Եղել է հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերի եղբայր Շապուհի թոռը, Աշոտ Պատրիկի որդին։ Նրա երկի մասին հաղորդում են Ասողիկը, Հովհաննես Դրասխանակերտցին, Սամվել Անեցին, Ուխտանեսը և այլ պատմիչներ, որոնք լայնորեն օգտվել են դրանից։ Թվարկված հեղինակներից միայն Դրասխանակերտցին է քիչ թե շատ հանգամանորեն արտահայտվում և մատնանշում, որ Աշոտ Ա Բագրատունի թագավորի վերաբերյալ մանրամասնորեն գրել է նրա ժամանակակիցը՝ Շապուհ Բագրատունին։ Պատմիչների վկայությունների համաձայն՝ իր պատմական երկը (չի պահպանվել) շարադրել է Աշոտ Ա թագավորի (885-890թթ) որդու՝ Դավիթ Բագրատունու պատվերով, ժամանակի աշխարհիկ լեզվով՝ «գեղջուկ բանիւ»։ Երկը բովանդակել է Բագրատունիների, մասնավորապես Աշոտ Ա-ի ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները։ Թյուրիմացաբար նրան է վերագրվել և նրա անունով հրատարակվել («Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ», 1921թ.) անանուն մի երկ, որի հեղինակին հետագայում տրվել է Անանուն Զրուցագիր պայմանական անունը։