Ծնվել է 1968թ. նոյեմբերի 18-ին, Երևանում: Երաժշտական ունակությունները դրսևորվել է դեռևս երկու տարեկանից: Չորս տարեկան հասակում մասնակցել է հեռուստատեսային մանկական հաղորդումների: Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, միաժամանակ նվագել Գ.Աճեմյանի «Ունիսոն» ջութակահարների անսամբլում: 1979թ. տեղափոխվել է Ֆրանսիա և հաստատվել Մարսել քաղաքում: Տասնչորս տարեկան հասակում ստացել է Մարսելի կոնսերվատորիայի առաջին մրցանակը, տասնյոթում` արժանացել նույն կոնսերվատորիայի ոսկե մեդալին: Երեք տարի ուսանել է Ժան Տեր-Մերկերյանի դասարանում, այնուհետև կատարելագործվել Փարիզի ազգային կոնսերվատորիայի դասախոս, հայտնի ջութակահար Դևի Էրլիի մոտ: 1985-87թթ դասավանդել է Ֆրանսիայի Արլ քաղաքի երաժշտական դպրոցում: Ֆրանսիայում եղել է ջութակի ամենաերիտասարդ ուսուցչուհին: 1987թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Իմ ջութակի լարերը խորագրով», 1988թ.՝ երկրորդը՝ «Շրջել երկրագունդը» խորագրով: Մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումների, այդ թվում Պասկալ Սևրանի, Ժակ Մարթենի հաղորդումներին: 1989թ. Շառլ Ազնավուրի հրավերով մասնակցել է «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը: Մենահամերգներով հանդես է եկել եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր: 1990թ. Հայաստանում Կարո Հայրապետյանի հետ հանդես է եկել դուետով (Երևան, Գյումրի, Ամասիա), որից ստացած ողջ հասույթը տրամադրվել է երկրաշարժից երկկողմանի որբացած 500 երեխայի: 1999թ. «Ունիվերսալ մյուզիք» ստուդիայի առաջարկով Տեխնո ջութակով կատարել է 13 ստեղծագործության ձայնագրություն, որոնք 2000թ. թողարկվել են ալբոմով: Սա առիթ է հանդիսացել, որպեսզի Ֆրանսիայի Լիլ քաղաքի հեռուստատեսությունը կազմակերպի «Տեխնո Պարադ» համերգը: Համագործակցել է անվանի երաժիշտներ Ժան Պիեռ Լանգի, Ֆրանսուա Բերնեիմի, Ֆրանսիս Լեի, Սիրիլ Ասուի և այլոց հետ: 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, իր սիրելի թիմին աջակցելու և ոգևորելու համար գրել է «Հաղթանակ» երգը, որը հնչելու էր իբրև հիմն Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի համար: