Ծնվել է 1977թ. մայիսի 17-ին, Երևանում: Դերասանուհիներ Արևիկ Սանթրոսյանի դուստրն է, Տաթևիկ Ղազարյանի քույրը և դերասան Վահագն Գալստյանի կինը: 1994թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1994-98թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական գործ բաժնում` Զավեն Տատինցյանի արվեստանոցում: 1995-2001թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական, 2001-07թթ` Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Աշխատել է նաև «Մետրո» թատրոնում: 2007թ-ից աշխատում է Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 50 դեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Ջոնի), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Հեկատ), «Հուլիոս Կեսար» (Լուցիոս), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Անտիգոնե), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Նատո), «Բրեմենյան երաժիշտներ» (Ավազակուհի), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Անտոնյան), Յ.Սոտնիկի «Ուղղակի սարսափելի է» (Գրիշա), Ս.Հարությունյանի «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական» (Մանուշակ), Շ.Դիլենիի «Մեղրի համը» (Էլեն) և այլն: 2014թ. «Մեղրի համը» ներկայացման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն կին դերակատար» անվանակարգում: