Zark Foundation

Պապին Պողոսյան

Պապին Պողոսյան

Երգիչ

Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, ՀՀ Մարտունու շրջանի Գեղահովիտ գյուղում: 15 տարեկան հասակում մասնակցել է Սայաթ-Նովայի անվան երգի մրցույթին և արժանացել ոսկե մեդալի: Այդ տարիներին հրավերք է ստացել` ձայնագրվելու Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում: Ծառայությունից հետո ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ-դասական բաժին: 1978թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգիչ: Անսամբլի հետ ունեցած ավելի քան 100 ձայնագրությունները պահպանվում են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում: Համագործակցել է Բոստոնի «Երևան» երգչախմբի և Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ էստրադային նվագախմբի հետ: 1991թ. վերջինիս հետ Մոսկվայում թողարկել է «Հավատքի երգ» ձայնասկավառակը: Հայաստանի անկախացումից հետո, հայ երգը ներկայացրել է Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ): Արցախի պատերազմի տարիներին հանդես է եկել մի շարք բարեգործական համերգներով` օգնելու ազատամարտիկների ընտանիքներին: 1995թ. առանձնացել է Ա.Մերանգուլյանի անվան նվագախմբից և ստեղծել ու ղեկավարում է «Վերածնունդ» ժողովրդական էստրադային անսամբլը: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի: 1997թ. և 2001թ. Մոսկվայում արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակի: Հանդիսացել է հայ աշուղների և կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը: Եղել է Երևանի «Մշակույթ» համալսարանի մշակույթի բաժնի դեկանը: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, որոնցից է «Երևանի սիրուն աղջիկ»-ը: 2006թ-ից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ 2011թ. նկարահանել է «Ասա ընկեր» տեսահոլովակը: