Ծնվել է ՀՀ Ծաղկաշեն (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Սիզավետ) գյուղում: 1941թ. տեղափոխվել է Լենինական (այժմ` Գյումրի): Միջնակարգ կրթությանը զուգընթաց, 1945-46թթ սովորել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1952-55թթ սովորել է Լենինականի բժշկական ուսումնարանում, որից հետո շուրջ 10 տարի որպես բուժակ աշխատել է շտապօգնության կայանում: 1965թ. ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետը, որից հետո աշխատանքի անցել Լենինականի թիվ 4 դպրոցում: Այնուհետև մեկնել է Մոսկվա և սովորել Մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետում, որից հետո մինչև 1985թ. շարունակել է աշխատել Լենինականի թիվ 4 դպրոցում` որպես լոգոպեդ: Դեռ դպրոցական տարիներից հոդվածներ ու ակնարկներ է գրել, որոնք տպագրվել են «Պիոներ Կանչ», «Ավանգարդ», «Բանվոր» թերթերում: Ավելի ուշ նրա ստեղծագործությունները տպագրվել են նաև «Գրական թերթ»-ում, «Գարուն», «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերում: 1978թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1984թ-ից` ՀԳՄ Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Հրատարակվել են նրա «Բարով ես եկել», (1975թ.), «Անհանգստություն» (1982թ.), «Հորիզոնին չձուլվող մարդը» (1985թ.), «Կանչող հիշողություն» (1991թ.), «Կիսատ ճանապարհ» (2014թ.) պատմվածքների ժողովածուները: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)` երկրաշարժի ժամանակ: 2014թ. ՀՀ Սիզավետ գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պատվական Ղուկասյանի անվամբ: