Zark Foundation

Պետրոս Սիմեոնյան

Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

19 նոյեմբեր, 1830 - 26 սեպտեմբեր, 1911

Պետրոս Սիմոնյան, Սիմեոնյանց
Ծնվել է Թոփթի գյուղում (այժմ՝ Ղրիմ գյուղ, ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում): Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) Սբ. Խաչ վանքում։ 1849թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1851-53թթ սովորել Դորպատի համալսարանում։ Այնուհետև հաստատվել է Թիֆլիսում, եղել Գրիգոր Արծրունու և Անդրեաս Արծրունու դաստիարակը, աշխատել Ներսիսյան դպրոցում, որպես ուսուցիչ և տեսուչ, միաժամանակ զբաղվել լրագրական և հասարակական գործունեությամբ։ Մասնակցել է Գայանյան օրիորդաց դպրոցի հիմնադրմանը (1869թ.)։ 1863-86թթ եղել է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի (1873թ-ից՝ օրաթերթ), 1887-91թթ՝ Էջմիածնի «Արարատ» հանդեսի խմբագիրը։ 1890-ական թվականների 1-ին կեսին վարել է Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) քարտուղարի պարտականությունները։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս։ Պատկանելով ազգային-պահպանողական հոսանքին՝ գերագնահատել է Հայոց եկեղեցու դերը ազգի պահպանման և միավորման գործում։ Միաժամանակ, մայրենի լեզվի, գրականության զարգացման և դպրոցների բարեկարգման հարցում իր դիրքորոշմամբ, ցարիզմի ազգաձուլման քաղաքականության պայմաններում, իր հրապարակախոսական հոդվածներով նպաստել է հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Հեղինակել է դպրոցական ձեռնարկներ: Մահացել է Թիֆլիսում: