Zark Foundation

Պերճ Պռոշյան

Պերճ Պռոշյան

Արձակագիր

3 հունիս, 1837 - 23 նոյեմբեր, 1907

Հովհաննես Տեր-Առաքելյան
Ծնվել է ՀՀ Աշտարակ գյուղում (այժմ՝ քաղաք): Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում, 1849-52թթ սովորել է Մողնիի վանական, ապա, կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցներում։ 1856թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային-դեմոկրատական ըմբռնումները՝ Պետրոս Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857թ. վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։ 1859թ. մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստական դասարանի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861թ.), այնուհետև՝ Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում և այլուր, մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։ 1879թ. հրավիրվել է Էջմիածին, նշանակվել Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ, աշխատել մինչև 1881թ.։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել Մատթեոսի ավետարանը, որի համար Գևորգ 4-րդ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887թ. վերադարձել է Թիֆլիս։ 1850-ական թթ ներշնչվել է ազգային-կրոնական ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Սակայն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին: 1860թ. գրել է «Սոս և Վարդիթեր» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին։ Իր հռչակավոր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» աշխատությամբ Միքայել Նալբանդյանըբարձր է գնահաաել «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից մեկին և կռահել գրողի տաղանդի ռեալիստական տարերքն ու սոցիալական միտվածությունը։ Սիրապատում սյուժեին զուգորդված ազգագրական պատկերները պատմափիլիսոփայական որոշակի միտում ունեին, որի իմաստը գրողը մեկնաբանել է վեպի առաջաբանում։ Նկատելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ստեղծել է ավանդություններ, ծեսեր, երգեր ու առասպելներ, որոնք «պարունակում են յուրյանց մեջ մեծ բարոյական դասեր», նա պատվիրել է հայ գրողներին «գրով ի լույս հանել... ազգի կենաց տիպը պարունակող» այդ «անգին ավանդությանց հիշատակները»։ Սակայն իր վեպում բարոյական ավանդների արժեքը դիտել է սոցիալական կոնկրետ ժամանակի մեջ, որտեղ նահապետական հովվերգությունը բախվում էր կապիտալիստական նորամուտ բարքերին։ 1879թ. «Փորձ» ամսագրում տպագրվել է նրա «Հացի խնդիր» (առանձին գրքով՝ 1880թ.) վեպը, որը մնայուն տեղ է գրավել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ըմբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջինի հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Խեչանենց Խեչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։ Ցույց տալով տնտեսական քայքայման անխուսափելիությունը՝ հեղինակը չկարողացավ ըմբռնել այդ երևույթի սոցիալական անհրաժեշտությունը։ Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր» (1889թ.), «Բղդե» (1890թ.), «Հունոն» (1901թ.) վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ» (1903թ.), «Գյուղական խանութպան» (1889թ.), «Բուլի-բուլի» (1893թ.), «Տատ Բարբարեի վերջին առակը» (1899թ.), «Հինգերորդ գինագիժը» (1901թ.), «Վարդի յուղը մահադեղ» (1901թ.) և այլ պատմվածքներում տվել է ետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։ «Երեկ և այսօր» հանգույցի մեջ առնելով ժամանակների բախումը՝ գրողը որոշակիորեն նշմարել է «հին հիմքերի» խորտակման արտասովոր հետևանքները։ Այս իրողությունը սրել է գրողի ուշադրությունը իր շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, և նա ռեալիստորեն պատկերել է գյուղացիության աղքատացումն ու ունեզրկումը, դրամի հերոսների վայրենի շահատակումները, եկեղեցական դասի այլասերումը, պետական պաշտոնյաների բյուրոկրատական կամայականությունը, կաշառակերությունը, օրենքի չարաշահումը, և այս ամենի հետ՝ գյուղացու ընդվզումն ու բողոքը, հուսահատությունն ու երկյուղը վերահաս սոցիալական աղետների հանդեպ։ Իր աշխարհայացքով գրողն եղել է գյուղացիական դեմոկրատ։ Նրա իդեալը համընկել է շահագործումից, ներքին հակասություններից ազատ, իրավահավասար նահապետական համակեցության սոցիալական երազանքին։ Կապված լինելով իր դասակարգի հետ՝ նա ձգտել է խղճի «արդար դատարանի» բարոյական հորդորներով կանխել չարիքի ներխուժումը, բայց որպես ռեալիստ օբյեկտիվորեն ականատես է եղել պատրանքների ամենօրյա փլուզմանը և վերապրել իր համակրելի մարդկանց կործանումը։ Նրա ստեղծագործությունը մի համակ եղերերգ է՝ անդառնալիորեն անհետացող նահապետական հայ գյուղի մասին։ Իրենց գաղափարական ու գեղարվեստական հարցադրումներով նրա ստեղծագործության մեջ մի ուրույն երանգ ունեն «Կռվածաղիկ» (1878թ.), «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերը։ Արտացոլելով 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի հայ իրականության ողբերգական սարսափները պարսկական և թուրքական տիրապետության պայմաններում՝ փորձել է պատմական ետադարձ հայացքով վերստուգել հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարական հայեցությունները։ Ներկայացնելով իր գաղափարատիպերին՝ նա ակներևորեն ներքուստ բանավեճի է բռնվել հայկական ռոմանտիզմի և «ազգային հեղափոխականների» ազատագրական ըմբռնումների հետ՝ առաջադրելով «ինքնաճանաչության և ինքնապաշտպանության» մի ծրագիր, որի իրագործման միջոցներն էին «կրթությունը և զենքը»։ Նրա գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»-ը (1894թ.), որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 1940-50-ական թթ ազգային մտավորականության գաղափարական որոնումների, գրական-լուսավորական խմորումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով, բնութագրումներով։ Գրողի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում-հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ.Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»-ը, Լ.Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»-ը, Լ.Օժեշկոյի «Յասի արկածները» և այլ գրողների ստեղծագործություններ։ Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ» և ներկայացնելով «գյուղական տիպերի մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Նրա վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։ Մահացել է Բաքվում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնում: Պերճ Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում: 1948թ-ից Աշտարակում գործում է գրողի տուն-թանգարանը: