Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է բանասեր, լեզվաբան Ղևոնդ Հովնանյանի եղբայրը: 1824թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ: Հիշատակության արժանի են նրա «Պատմութիւն տիեզերական ժողովոց եկեղեցւոյ, որք յարևելս գումարեցան» (1847թ.), «Աշխարհագրութիւն ուսումնական, բնական, քաղաքական» (1835թ.), «Հրահանգ աստեղագիտական ի վերայ գիսաւոր աստեղաց» (1841թ.), «Առաջնորդ դաստիարակության» (1862թ.) ուսումնասիրությունները: Նրա «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման և ազգային լեզուաց վրայ...» (1857թ.) աշխատությունն ունի ընդհանուր լեզվաբանական բնույթ: Ըստ լեզվաբանի, նախապես եղել է մեկ լեզու, իսկ առանձին լեզուների առաջացումը կապված է Բաբելոնյան աշտարակաշինության հետ: Նա լեզուն դիտել է որպես հասարակական երևույթ և նշել, որ լեզվի պատմությամբ կարելի է ուսումնասիրել մարդկային հասարակության պատմությունը: Հաստատել է հնդեվրոպական լեզուների ցեղակցությունը՝ դրանց շարքը դասելով հայերենը: Հայ իրականության մեջ եղել է պատմահամեմատական լեզվաբանության առաջին հետևորդը: Մահացել է Վիեննայում: