Ղազարոս Տեր-Գրիգորյան
Ծնվել է Ախալքալակի Գանձա գյուղում: Եղել է բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրը։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո, շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Մանկության ու պատանեկության պատկերներն արտացոլված են նրա եղբայրների՝ Արամի և Ներսեսի, ինչպես նաև իր՝ Ջավախեցու՝ Վահան Տերյանին նվիրված հուշագրություններում, ուր ներկայացվում է հայրենի Գանձան, Սուքիաս Տեր-Գրիգորյանի գերդաստանը, գյուղի հասարակությունը, հայրենական բարքերն ու սովորույթները։ Զբաղվել է ուսուցչությամբ։ Առաջին ստեղծագործություններից է «Շեյխ Ջավադ (Պատկեր քրդական կյանքից)» պատմվածքը, որը 16 էջանոց առանձին գրքույկով լույս է տեսել Թիֆլիսում 1899թ.: Նույն թվականից նա արդեն «Մշակ» թերթում հանդես էր գալիս հրապարակումներով, որոնցից առաջինը կրում է «Չարիքի արմատը (Նամակ Ախալքալաքից)» վերնագիրը: Վերոնշյալ գործերի տակ գրողը դեռևս ստորագրում էր «Ղազարոս Տեր-Գրիգորյան» կամ «Ղազարոս Տեր-Գրիգորյանց» ձևով։ «Ջավախեցի» ստորագրությանը հանդիպում է երկու ամիս անց՝ նույն թերթի էջերում, ուր նրա նամակները, հոդվածներն ու այլ հրապարակումները, որոնք նա իր քահանայության և ուսուցչության տարիներին գրել է Ախալքալակից, առավել հաճախակի տպագրվել են մինչ 1903թ.: «Մշակում» իրար հետևից տպագրվել են «Գյուղացու ցավերից», «Երկրաշարժի տեղում (Նամակ Բարալեթ գյուղից)» հրապարակումները և հոդվածները, որոնցում, ի թիվս ջավախքցի գյուղացուն հուզող խնդիրների, անդրադարձ կա նաև 1899թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած վնասներին։ Այցելելով երկրաշարժից տուժած գյուղերը՝ գրի է առել այն ամենը, ինչ տեսել և զգացել է, որոնց հիման վրա էլ 1900թ. Թիֆլիսում հրատարակվել է նրա «Ջավախքի աղետը (դեկտեմբերի 19, 1899թ., ականատեսի տպավորություններից)» գրքույկը։ 1903թ. Թիֆլիսում առանձին գրքույկով հրատարակվել է նաև «Կրակը» պատմվածքը, որը մինչ այդ տպագրվել էր «Մշակում»: Տևական ընդմիջումից հետո գրողը «Մշակում» վերստին տպագրվել է 1908թ.: Նամակ-թղթակցությունները հյուսիսկովկասյան Մոզդոկից են, ուր նա տեղի հայոց դպրոցներում աշխատել է իբրև ավագ ուսուցիչ, այնուհետև տեսուչ։ Աքսորավայրում՝ Շչիգրի քաղաքում, 1904թ. և 1905թ. սկզբներին գրել է պատմվածքներ, իսկ հուշերում հուզիչ կերպով նկարագրել է փոքր եղբոր այդ ժամանակ Լազարյան ճեմարանի վերջին դասարանների սան՝ Վահանի այցելությունն իրեն։ Աքսորավայրից վերադառնալուց հետո նամակները հրատարակել է Թիֆլիսի «Արշալույս» թերթում։ «Արշալույսի» էջերում 1905թ. նոյեմբեր-դեկտեմբերին տպագրված նամակները գրված են Մոզդոկ քաղաքից։ Դատելով այդ նամակներից՝ նա այդ քաղաք է տեղափոխվել, հավանաբար, 1905թ. ուշ աշնանը։ 1908թ. «Մշակում» զետեղված մի թղթակցության մեջ նշել է, որ 1907թ. ապրիլի 15-ին միաձայն ընտրվել է Մոզդոկի հայոց դպրոցների ավագ ուսուցչի պաշտոնում: «Մշակի» մեկ այլ համարում նշված է, որ գրողը նույն թվականի մարտի 6-ին Մոզդոկում նախագահել է քաղաքի հայոց եկեղեցական-ծխական դպրոցների հոգաբարձական-մանկավարժական խառը ժողովը։ 1905թ. «Մուրճի» ապրիլյան համարում տպագրել է Գանձայի և հարևան Սաղամո գյուղի (այդ ժամանակ դեռևս թրքաբնակ) միջև գոյություն ունեցած հողային վեճի մասին ակնարկ՝ «Ընկերներս» վերնագրով։ Այս գործը, ինչպես նաև «Արշալույսի» ու «Մշակի» մեջ տեղ գտած մի քանի այլ իրապատումներ 1905թ. Թիֆլիսում հրատարակվել են առանձին գրքով՝ «Պատկերներ» վերնագրով։ Նրա անդրանիկ այս ժողովածուն նոր խոսք էր հայ գյուղագրության մեջ, որով հեղինակն իր արժանավոր տեղը զբաղեցրեց գյուղագիրների շարքում։ Բանաստեղծական ռիթմով կարդացվող նրա արձակ գործերը, որոնք ներկայացնում են Ջավախքի գյուղական միջավայրը, ի ցույց դրեցին ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայկական գավառների՝ 20-րդ դար թևակոխած գյուղացիության բազմաթիվ ու բազմապիսի արատավոր երևույթներ։ Ապրելով ու գործելով գյուղական միջավայրում՝ առաջնորդվել է առաջադեմ, լուսավոր գաղափարներով։ Նա իր համարձակ մտքերով ու գործողություններով դարձել էր հայ գյուղացու իրավունքների պաշտպանն ու արդարության, իրավահավասարության քարոզիչը: 1906թ-ից ակտիվորեն թղթակցել է Թիֆլիսում լույս տեսնող թերթերին։ 1910-17թթ թղթակցել է «Հորիզոնին»: 1910թ. առաջին համարներում տպագրվել է նրա «Մոռացված գավառ» հոդվածաշարը (չորս հոդված), որոնցում հեղինակն անդրադարձել է Ախալքալաքի գավառում տիրող իրավիճակին, լայնորեն ներկայացրել ռուսաստանյան այդ ծայրագավառի տնտեսական զարգացման հարցեր՝ կրթամշակութային, սոցիալական ոչ բարվոք վիճակի համար մեղադրելով նաև հայ մեծահարուստ բարերարներին: 1912թ. տպագրել է «Տխուր խոհեր» ակնարկաշարը՝ նվիրված Ղազարոս Աղայանին: 1915-17թթ Անդիժանից ակտիվորեն թղթակցել է Բաքվի «Արև» օրաթերթին։ 1915թ. երկու համարում հրատարակվել է «Տխուր խոհեր» ակնարկաշարը, որի երկրորդ մասում հեղինակի մտորումներն են հայ քաղաքական կուսակցություններից մեկի՝ Հայ հեղափոխական դաշնակցության մասին։ Չընդունելով ՀՅԴ֊ի հասցեին արված քննադատությունները՝ կուսակցությանը համեմատել է Քոռ Դավիթենց տան ծառայի՝ Կիրակոսի հետ, որին տեղի֊անտեղի ամեն բանում մեղադրում են: Անդիժանում ապրած տարիներին գործուն մասնակցություն է ունեցել տեղի հայության կրթական ու հասարակական կյանքին։ Լինելով քաղաքի արական գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի պետական դպրոցներում դասավանդվի հայոց լեզուն։ 1920-ական թվականներին որոշ ժամանակ ապրել է Տաշքենդում, որտեղից թղթակցել է Թիֆլիսում հրատարակվող «Մարտակոչ» օրաթերթին։ «Պրոլետար» թերթի «Գրական շաբաթ» հավելվածում 1930թ. լույս է տեսել նրա «Հուշեր Վահան Տերյանի կյանքից» հուշագրությունը։ 1933թ-ից Երևանում որպես սրբագրիչ աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագրությունում: Իսկ մինչ այդ՝ 1930թ., Երևանում, Ա.Տերտերյանի առաջաբանով հրատարակվել է գրողի «Պատկերներ (Բանտարկյալի հուշատետրից)» գիրքը, որտեղ հիմնականում ներկայացվում են ռուսաստանյան առաջին հեղափոխության (1905-07թթ) նախօրյակին հեղինակի ձերբակալությունը, հարցաքննությունները, բանտային կյանքին առնչվող պատմություններ, մարդկային խեղված ճակատագրեր և այլն։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Կատարել է նաև թարգմանություններ: 1936թ. անանուն առաջաբանով լույս է ընծայվում գրողի նոր գիրքը՝ կրկին «Պատկերներ» խորագրով, որում զետեղվում են 1905թ. և 1930թ. հրատարակություններում տեղ գտած գործերը, որը նրա վերջին գիրքն է եղել: Մահացել է Երևանում: